Խորքային հորերի խնդիրը ցույց է տալիս մեր երկրում վարված քաղաքականության անարդյունավետությունը:  Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, Արագածոտնի մարզ կատարած այցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Արարատյան դաշտի արտեզյան ավազանն անգին է, որի նկատմամբ պատշաճ ուշադրություն չի դարձվում:

Նա անդրադարձավ ձկնարդյունաբերությանը՝ նշելով. «Մենք 1 մլրդ դոլարի ջուր ենք օգտագործում, որ ստանանք մոտ 200 մլն դոլարի ձուկ: Երբ արտեզյան ջուրը մենք օգտագործում ենք ոռոգման համար, այդ ջուրը վերադառնում է իր նախնական տեղը: Երբ օգտագործվում է ձկնարդյունաբերության մեջ, դա դրենաժներով գնում լցվում է Արաքս գետը եւ Հայաստանի դուրս է գալիս»:

Փաշինյանը կոչ արեց ձկնարդյունաբերողներին լրջորեն մտածել այդ մասին. «Այս ոլորտում պետք է են լուրջ ներդրումներ: Մանավանդ կլիմայական այս ժամանակաշրջանում մենք չենք կարող այսպիսի շռայլություն մեզ թույլ տալ»:

Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ Արարատյան դաշտում բազմաթիվ ինքնաշատրվանող հորեր դադարել են գործել, քանի որ ձկնարդյունաբերության արդյունքում արտեզյան ավազանի հորիզոնն իջել է:

«Ու էդ հարցը էլի լուծում ենք Սեւանի հաշվին:  Օրինակ, երբ ասում են՝ տնտեսական ակտիվության ցուցանիշն անկում է ապրում. էդ տնտեսական ակտիվության ցուցանիշն մեր ինչին է պետք, այսինքն մեր ջուրը Կասպից ծով ուղարկելու հաշվին ուզում ենք տնտեսական ակտիվության ցուցանի՞շ ունենալ: Այդ մոտեցումը պետք է վերացվի»: