ՌԴ Քննչական կոմիտեն Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանի թռիչքուղուց, որտեղ 25-ամյա հայ տղամարդ էր մահացել, տեսանյութ է հրապարակել, հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում անելով «ՏամՏամ» մեսենջերում ՔԿ-ի հաղորդագրությանը:

«Թռիչքուղու երկայնքով մեծ քանակությամբ մարմնի փոքր մասեր են հայտնաբերվել», — տեսանյութում հայտնում  են աշխատակիցները: Տեսանյութում նրանք ցույց են տվել սպորտային կոշիկի քուղը, ինչպես նաեւ տղամարդու բաճկոնի մորթին, որոնք մնացել են թռիչքուղու վրա:

Տեոլեգրամի Mash ալիքի հաղորդմամբ, մոտավորապես 18:00-ին տղամարդը ժամանել էր Շերեմետեւո, հետո 51-րդ մուտքից գնացել էր Երեւան թռիչքին, որից հետո դուրս  եկել թռիչքուղի:

Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Եփրեմյանը ոստիկանների ուղեկցությամբ հասնում մուտքի մոտ, իջնում կառամատույցի ավտոբուսի մոտ, բայց չի նստում այն, այլ արագ քայլերով գնում է դեպի թռիչքուղին, պատմել է «Ինտերֆաքսի» աղբյուրը: Գործակալությունը նշում է, որ Եփրեմյանը չի հատել Ռուսաստանի սահմանը:

ՔԿ-ն պարզում է տղամարդու մահվան հանգամանքները: Նախաքննական ստուգում է իրականացվում, քրեական գործի հարուցման մասին դեռեւս չի հաղորդվում: Մոսկվայի դատախազությունը, իր հերթին, որոշել է ստուգել, թե ինչպես են իրականացվում ավիացիոն անվտանգության ապահովման մասին օրենքի պահանջները:

Ավելի վաղ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը հաստատել էր տեղեկությունն այն մասին, որ Մոսկվայի Շերեմետեւո» օդանավակայանի թռիչքուղու վրա տեղի ունեցած պատահարի արդյունքում մահացած Եփրեմյան Ա. Գ.-ն (1993 թ. ծնված), Հայաստանի քաղաքացի էր:

Facebook-ում դեսպանատան էջում հաղորդվում է, որ ինքնությունը հաստատվել է քաղաքացուն Հայաստան վերադարձի համար տրամադրված վկայականով:

«ՌԴ ՔԿ-ից դիվանագիտական ներկայացուցչությանը տեղեկացրել են, որ միջադեպի բոլոր հանգամանքներն ու պատճառները պարզելու համար  քննչական գործողությունները շարունակվում են:

Դեսպանատունը մշտական կապի մեջ է Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինների հետ: Լրացուցիչ տեղեկությունները կտրամադրվեն ավելի ուշ», - նշել է դեսպանատունը: