Երբ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր էր, մեր իշխանություններից երկու մարդու թիրախավորել էր ավելի, քան ինձ ու Շարմազանովին՝ մեկը վիճպետկոմի Ստեփան Մնացականյանն էր, մյուսը ԿԸՀ նախագահ պարոն Մուկուչյանը. հիմա երկուսին էլ պահել է: Այս մասին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Նա նկատեց, որ ըստ էության, Փաշինյանը կամ այն ժամանակ էր սուտ խոսում, կամ հիմա. «Կամ այն ժամանակ էր սուտ խոսում, այսինքն այդ մարդիկ նկարիչ չեն, քանդակագործ չեն, կամ հիմա: Բա ինչո՞ւմ էր Փաշինյանի ճակատագրական շրջադարձի իմաստը, երբ այդ մարդկանց ինչ ասես չէր ասում, մեղադրում էր երկնիշ թվեր նկարելու մեջ: Բա ինչի՞ ես պահել նկարիչին, ընկեր: Իսկ եթե չենք նկարել, բայց հիմա ես հասկացել, որ չենք նկարել, դե ասա, որ այն ժամանակ սուտ ես ասել: Թե՞ քեզ էլ պետք նկարել հիմա»:

Դիտարկմանը, որ այն ժամանակ պատվեր են ունեցել, հիմա պատվեր չկա, Աշոտյանն արձագանքեց. «Նկարիչները միշտ ունեցել են պատվեր, եթե նրանք նկարիչ են: Ոչ մի Միքելանջելո, Ռաֆելեյ, Ռուբենս գոյություն չէին ունենա, եթե արքունիքից իրենց պատվերներ չտային»: