Առաջարկվող ուղղումներն ընդունելու դեպքում Հայաստանի նկատմամբ կիրառվող 1,22 տոկոս ներմուծման մաքսատուրքերի նորման կհետաձգվի մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31: Այս մասին նոյեմբերի 21-ին ԱԺ արտահերթ նիստում «2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միաությանը ասոցացման մասին պայմանագրին Ղրղզստանի միավորման մասին 2014 թվականի դեկտեմբերի 23 համաձայնագրում փոփոխությունների կատարելու մասին» համաձայնագրի վավերացման վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Նա նշեց, որ Հայաստանի համար ներմուծման մաքսատուրքերի տեղաբաշխման նորմատիվները 1,11 տոկոսի փոխարեն կազմել են 1,22 տոկոս: «Ֆիքսված տոկոսադրույքներով Բելառուսը ստանում է 4,56 տոկոս, Ղազախստանը՝ 7,55 տոկոս, Ղրղզստանը՝ 1,9 տոկոս, Ռուսաստանը՝ 85,265 տոկոս»,- պարզաբանեց Պողոսյանը:

«Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց, թե Հայաստանն այս տոկոսադրույքների հարցում ինչ շահ է հետապնդում: Ի պատասխան՝ Պողոսյանը նշեց, որ մեկ տոկոսային կետը համարժեք է տարեկան 116 մլն դոլարին, իսկ անցյալ տարի Հայաստանը եկամուտների տեսքով ունեցել է 68 մլրդ դրամ: