Ռուսական հրատարակչությունը, որի հաշվապահ Ելենա Խուսյայնովան ԱՄՆ-ի կողմից մեղադրվում է 2018թ․ ամերիկյան ընտրություններին միջամտելու մեջ, Քալիֆորնիայում Facebook-ի դեմ դատական հայց է ներկայացրել՝ տեղեկացնում է Reuters-ը։ Գործակալությունը հայտնում է, որ «Նորությունների դաշնային գործակալություն» ԲԲԸ-ն (ФАН) եւ նրա միակ բաժնետեր Եվգենի Զուբարեւը պահանջում են սոցցանցում վերականգնել հրատարակչության էջը եւ փոխհատուցում վճարել։

Հայցում ասվում է, որ ФАН-ը նորությունների անկախ, հավաստի եւ օրինական գործակալություն է, որը հրատարակում է արդիական եւ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն», եւ Facebook-յան էջի արգելափակումը նրան բավական մեծ վնաս է հասցրել։ Սոցցանցի ղեկավարությունը, հայցվորի կարծիքով, գործել է ԱՄՆ կառավարության ցուցումով, եւ էջը փակել է միայն այն բանի համար, որ գործակալությունը ռուսական ծագում ունի։

Facebook-ում եւ Instagram-ում ФАН-ի էջերը արգելափակվել էին 2018թ․ ապրիլին, երբ սոցցանցի ղեկավարությունը հայտարարեց, որ 270 էջ ենթակա են փակման։ Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ ФАН-ը բազմիցս խաբել եւ մանիպուլյացիայի է ենթարկել մարդկանց։