Այս փուլում քաղաքական պահանջարկի տեսակետից գաղափարախոսական պայքարը նպատակահարմար չէ: Այս մասին նոյեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը

Փորձագետի խոսքով՝ ընտրողներին հետաքրքրում են կոնկրետ գործողությունները եւ խնդիրների լուծումը, որոնք կարող են առաջարկել քաղաքական ուժերը: «Գաղափարախոսական պայքարը եւ բարձր թեմաներից զրույցները ընտրողներին այնքան էլ չեն հետաքրքրում: Մարդիկ սոցիալական խնդիրների լուծման կոնկրետ առաջարկների կարիք ունեն»,- նշեց փորձագետը:

Ըստ Քոչարյանի՝ հենց սրա վրա է կառուցվում բոլոր ուժերի քաղաքական քարոզչությունը: «Տարբերություններ կան միայն պայքարի մարտավարության մեջ: Եթե Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ու «Քաղաքացիական պայմանագիրն իրենց մարտավարությունը կառուցում են փոխադարձ խիստ քննադատության վրա՝ առաջարկելով միմյանց ուղղակիորեն հակառակ լուծումներ, ապա մնացյալ ուժերը, որպես ապագա ընդդիմություն, եթե նույնիսկ իշխանություններին քննադատում են, ապա դա ավելի զուսպ են անում»,- նշեց Կարեն Քոչարյանը:

Նա նշեց, որ նոր խորհրդարանում կլինի այնպիսի իրավիճակ, որ ՀՀԿ-ն կքննադատի ՔՊ-ին, իսկ մնացյալը՝ ՀՀԿ-ին: «Սրանով է հենց պայմանավորված «Սասնա ծռերի» կողմից իշխանությունների ավելի զուսպ քննադատությունը, եթե համեմատենք Նիկոլ Փաշինյանին ուղղած անցյալի նրանց խիստ քննադատության հետ»,- հավելեց քաղտեխնոլոգը: Նրա կարծիքով՝ «Սասնա ծերի» կողմից խիստ քննադատությունը շարունակելը կարող է հասարակության կողմից չընկալվել: «Անցյալում նրանք պայքարում էին ՀՀԿ ռեժիմի դեմ: Հիմա, երբ ՀՀԿ-ն իշխանթյուն չունի, եւ Նիկոլ Փաշինյանը նրանց քննադատում է, կարող է հարց բարձրանալ, թե նրանք հիմա ինչի դեմ են պայքարում»,- եզրափակեց փորձագետը:

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին: Դրանց մասնակցում են 11 քաղքական ուժեր: