Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանի թռիչքուղում 25-ամյա ՀՀ քաղաքացու մահվան կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: Այս մասին չորեքշաբթի` նոյեմբերի 21-ին,  Lenta.ru-ին հայտնել են Ռուսաստանի Քննչական կոմիտեից:

Գործը հարուցվել  է ՌԴ ՔՕ-ի 263,1 հոդվածի 3-րդ մասով (Տրանսպորտային անվտանգության ոլորտի պահանջների խախտում):

«Նախնական տվյալներով, տղամարդը դուրս է եկել ավտոբուսից եւ սկսել վազել. նրան չեն հասցրել կանգնեցնել: Նա վազում էր թռչող ինքնաթիռի մոտ: Տպավորություն էր ստեղծվում,  որ նա ցնորված է եւ փորձում է բռնվել շասսիից: Հավանաբար, այդպիսով նա ցանկանում էր լքել օդանավակայանի տարածքը», — պատմել է իրավապահ մարմիններում աղբյուրը:

Նա պարզաբանել է, որ մահացածը 1993 թվականին ծնված Հայաստանի քաղաքացի է, արտաքսվել է Իսպանիայից եւ Մադրիդից Մոսկվայով Երեւան էր թռչում: Դատելով ամեն ինչից, նա չէր ցանկանում հայրենիք վերադառնալ:

«Մահվանից առաջ տղամարդու պահվածքը շրջապատի մոտ կասկածներ չի առաջացրել, բայց բացառված չէ, որ նա թմրամիջոցների ազդեցության տակ էր», — եզրափակել է աղբյուրը:

Ավելի վաղ բալետմեյստերը, որը մահացածի հետ Մոսկվա էր թռչում, պատմել է անկարգության մասին, որի պատճառով տղամարդուն  հեռացրել են ինքնաթիռից:

Ավելի վաղ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը հաստատել էր տեղեկությունն այն մասին, որ Մոսկվայի Շերեմետեւո օդանավակայանի թռիչքուղու վրա տեղի ունեցած պատահարի արդյունքում մահացած Եփրեմյան Ա. Գ.-ն (1993 թ. ծնված), Հայաստանի քաղաքացի էր:

Facebook-ում դեսպանատան էջում հաղորդվում է, որ ինքնությունը հաստատվել է քաղաքացուն Հայաստան վերադարձի համար տրամադրված վկայականով:

«ՌԴ ՔԿ-ից դիվանագիտական ներկայացուցչությանը տեղեկացրել են, որ միջադեպի բոլոր հանգամանքներն ու պատճառները պարզելու համար  քննչական գործողությունները շարունակվում են:

Դեսպանատունը մշտական կապի մեջ է Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինների հետ: Լրացուցիչ տեղեկությունները կտրամադրվեն ավելի ուշ», - նշել է դեսպանատունը: