ԱՄՆ-ն հասկանում է Իրանի հետ էներգետիկայի ոլորտում համագործակցելու Հայաստանի անհրաժեշտությունը: Այս մասին նոյեմբերի 21-ին ասուլիսի ժամանակ ասաց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին:

Ըստ նրա, պատժամիջոցները չեն կարող հայ-իրանական համատեղ էներգետիկ նախագծերի իրականացման ժամանակ խնդիրներ առաջացնել: Բաղրամյանը նաեւ ընդգծեց էներգետիկ հավասարակշռությունը պահպանելու եւ իրանական էլեկտրաէներգիայի հաղորդման գծերով հոսքերի ապահովման կարեւորությունը:

Բաղրամյանը նշեց, որ օրերս անցկացվեց ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչների հետ հանդիպում, որի ընթացքում հայկական կողմը ամերիկացիներին մանրամասն ներկայացրեց, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից տնտեսական շրջափակման ֆոնին, Հայաստանի էներգետիկ համակարգը զարգացել է իրանական կողմի հետ համագործակցության հիման վրա:

«Իրանի դեմ պատժամիջոցները վաղուց են կիրառվում: Միացյալ Նահանգները հասկանում են, որ Հայաստանին անհրաժեշտ է էներգետիկայի ոլորտում համագործակցել Իրանի հետ: Այս մասով մենք չենք կարող խնդիրներ ունենալ», - ասաց նա: