Վերջին մի քանի ամիսների ընթացքում Հատուկ քննչական ծառայությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Քննչական կոմիտեն եւ ՀՀ ոստիկանությունը կոռուպցիոն սխեմաների բացահայտման եւ միջոցների յուրացման մասին մոտ 170 հայտարարություններ են արել: Նոյեմբերի 21-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում 2019-ի պետական բյուջեի նախագիծը քննարկելու ժամանակ այս մասին ասաց «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը` մեկնաբանելով ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի ելույթը, ով ասել էր, որ կառավարությունն իրականում չի բացահայտում կոռուպցիոն սխեմաները, եւ որ պետական բյուջեն չի համալրվում նախկինում յուրացված ապօրինի միջոցներով:

Միեւնույն ժամանակ, նա  նշեց,  որ քննչական գործողությունների ընթացքում պարզ կդառնա, թե ինչպես են այդ միջոցները պետական պաշտոնյաների մոտ հայտնվել, որից հետո դրանք կվերադարձվեն պետական բյուջե:

«Եվ հայտարարություններն այն մասին, որ կոռուպցիոն սխեմաները չեն բացահայտվում, անհիմն են, եւ ես կներկայացնեմ այդ փաստաթղթերի փաթեթը Հայկ Բաբուխանյանին, որպեսզի ապագայում իշխանությունների հասցեին չհիմնավորված հայտարարություններ չանեն», - ասաց Նազարյանը: