ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը անդրադարձել է Մամուլի Ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի հոդվածին, որտեղ վերջինս պատմում էր ՔՊ ընտրացուցակում ընդգրկվելու համար կուսակցության գրասենյակում իր հարցաքննության մասին, որը վերածվել է «հավատաքննության»։

Լենա Նազարյանն այսօր՝ նոյեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում պնդեց, որ Ընդամենը ընկալման հարց է Նարինե Մկրտչյանի կողմից. «Մենք հանդիպել եւ շատ բարյացակամ մթնոլորտում զրուցել ենք հարյուրավոր մարդկանց հետ, որոնք մեր ցուցակով պատգամավորության թեկնածու լինելու ցանկություն են հայտնել կամ մենք ենք ցանկացել նրանց հետ հանդիպել։ Բոլոր հանդիպումները տեղի են ունեցել լավ մթնոլորտում, քաղաքավարի զրույց ենք ունեցել, ստացել մեր հարցերի պատասխաններ եւ բարեկամաբար հրաժեշտ ենք տվել։ Ընդամենը ընկալման հարց է տիկին Մկրտչյանի կողմից»։  

Անդրադառնալով Նարինե Մկրտչյանի կողմից նշված հարցերի մասին, Լենա Նազարյանն ասաց. «Մեզ հետաքրքրել է նրա վերաբերմունքը՝ իմանալով, որ տիկին Մկրտչյանը շատ բացասական տրամադրվածություն ունի ԵԱՏՄ–ի հետ կապված գործընթացներում»։

Դիտարկմանը, թե ինչու էին նրան հրավիրում այդ դեպքում, եթե գիտեին նրա տրամադրվածությունը, այն պարագայում, երբ Նարինե Մկրտչյանը պնդում է, որ հրավերը պաշտոնական է եղել՝ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանից, ի պատասխան Լենա Նազարյանը նշեց, որ չգիտի, թե ինչպես է վերջինս հրավերը ստացել, ապա հավելեց. «Պարզել ենք, որ տարբեր ճանապարհներ ունենք անցնելու եւ չենք կարող միասին համագործակցել»։

Հարցին՝ այլակերպություն չի հանդուրժվում ՔՊ–ում, նա արձագանքեց. «Ինչո՞ւ եք կարծում, որ հենց դա է պատճառը եղել»։

Լենա Նազարյանը հերքեց, թե հարցադրումներ է արել իր ֆեյսբուքյան գրառումները քննադատելու համար. «Ոչ թե քննադատություն, այլ եղել է անձնական վիրավորանք, որին ես չեմ արձագանքել, պարզապես եղել է ԵԱՏՄ–ի կոնտեքստում եւ ես հետաքրքրվել եմ՝ արդյոք այդպիսի վառ արտահայտված բացասական վերաբերմունք կա եւ դա չի՞ խանգարի նրան հետագայում լինել մի քաղաքական թիմում, որն, ըստ էության, շարունակում է նույն արտաքին քաղաքականությունը, ինչ նախկինում եղել է»։

ՔՊ–ական պատգամավորը հավաստիացրեց՝ ոչ մի վիրավորական բան նրա նկատմամբ չի եղել, իսկ «այն, որ տիկին Մկրտչյանը չի ընդգրկվել մեր ցուցակում, պատճառը դա է եղել, որ նա այդպիսի գրառում էր կատարել»։ 

«Հրապարակ». Հավատաքննություն՝ ՔՊ-ական ձեւով