Հայաստանը կարող է որոշում կայացնել դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե դա բխի երկրի շահերից: Այս մասին նոյեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը:

Նրա խոսքով, այս կամ այն միջազգային կառույցներում գտնվելը պետք է բխի Հայաստանի շահերից: «Հայաստանի ներկայությունը ՀԱՊԿ-ում բխում է մեր երկրի շահերից: Հիմնական առավելությունն այն է, որ մենք հնարավորություն ունենք արտոնյալ գներով ռուսական զենք գնել, ինչը մենք դեռ չենք կարող անել Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների շրջանակներում», - ընդգծեց նա:

Խոսելով այն մասին, թե ով կարող է զբաղեցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Պողոսյանն ասաց, որ հայ, ինչպես նաեւ բելառուս ներկայայցուցչի նշանակումը քիչ հավանական է:

«Ամենայն հավանականությամբ երրորդ երկրի ներկայացուցիչ կընտրվի», - հավելեց փորձագետը:

Թեւան Պողոսյանը նկատեց, որ ոչ այնքան կարեւոր է Հայաստանի կողմից գլխավոր քարտուղարի պաշտոնի պահպանումը , այլ այն, թե ինչ քաղաքական դիվիդենտներ կարող է մեր երկիրը ստանալ: «Ավելի կարեւոր է, թե ինչ վերաբերմունք կստեղծվի Հայաստանի նկատմամբ այս կազմակերպության մեջ ներգրավված գործընկերների կողմից, ինչպես նաեւ կազմակերպության հեղինակությունը», - եզրակացրեց փորձագետը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ-ի նիստին  որոշվելու է, թե ով կզբաղեցնի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը: