ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը պատասխանել է ՀՀԿ–ի այն քննադատությանը, թե իշխանություն դառնալուց հետո էլ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ոչ մի այն խոստումները չի կատարել, չի բարձրացրել աշխատավարձերը , այլ նաեւ շարունակում է պահպանել տեսախցիկներն ու կարմիր գծերը, չնայած նախկինում սուր քննադատության էր ենթարկում այն ժամանակ իշխող ՀՀԿ–ին։

Նա այսօր՝ նոյեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում պնդեց, որ աշխատավարձերի բարձրացում եղել է եւ կլինի նաեւ պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ. «Ոչ բոլոր պետական մարմիններում, բայց, մասնավորապես, բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացում եղել է։ Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ»։

Պատգամավորը շեշտում է՝ չեն կարող բոլոր տեսախցիկները  հանել, քանի որ դրանք անվտանգության համար անհրաժեշտ են, այլ բան է, որ պետք է վերանայել տուգանքների շեմերը եւ տեղադիրքերը, հատկապես նրանք, որոնք դիտավորյալ որսում են վարորդներին, որ տուգանեն. «Խնդիրն այն չէ, որ ամբողջությամբ վերացնենք տեսախցիկների աշխատանքը, այլ պարզապես այնպես կազմակերպել, որ դրանից քաղաքացիները ոչ թե տուժեն եւ հարստահարվեն, այլ ընդամենը պաշտպանվի նրանց անվտանգությունը»։

Կարմիր գծերի մասով էլ, Լենա նազարյանը նշեց, որ հարցը քաղաքապետարանի լիազորության շրջանակներում է։