Գլխավոր դատախազության կողմից մերժվել է ՀՔԾ-ում քննվող քրեական գործով կաշառքի միջնորդության համար մեղադրվող Սամվել Մայրապետյանի նկատմամբ կիրառված փախանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը, որտեղ կրկին հղում է կատարվել Մայրապետյանի առողջական վիճակին: Այս մասին NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնել են գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվում է, որ քրեական դատավարության նույն փուլում կամ քրեական վարույթն իրականացնող նույն մարմնին միջնորդության և պահանջի կրկին ներկայացում հնարավոր է, եթե դրանք հիմնավորելու համար բերվում են նոր փաստարկներ, կամ քրեական դատավարության ընթացքում հաստատվել է դրանց բավարարման անհրաժեշտությունը: Մինչդեռ Ս. Մայրապետյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ վերջինիս պաշտպանի կողմից ներկայացված նախորդ միջնորդության համեմատ նման նոր փաստարկներ չեն ներկայացվել»,– հայտնեցին դատախազությունից:

Դատախազությունից նաև հայտնեցին, որ օրեր առաջ Ս. Մայրապետյանի պաշտպանի և ներկայացուցչի  ընդունելության արդյունքներով վարույթն իրականացնող մարմնին գրություն է ուղարկվել՝ Մայրապետյանի առողջական վիճակը գնահատելու նպատակով դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, որի արդյունքներն ստացվելուց հետո հնարավոր կլինի անդրադառնալ այդ պատճառաբանությամբ խափանման միջոցի փոփոխման հարցին: