Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հավանաբար հասկացավ, որ իր մոտ տնտեսություն զարգացնելը, երկիր կառավարելը վատ է ստացվում կամ ընդհանրապես չի ստացվում եւ որոշեց զբաղվել իր հարազատ գործով՝ քայլերթեր կազմակերպելով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։

«Այս ամիսների ընթացքում ակնհայտ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության անդամների մոտ ավելի լավ ստացվում է քայլել եւ միտինգներ կազմակերպելը, քան տնտեսությունը զարգացնելը եւ աշխատատեղեր ստեղծելն ու ներդրումներ բերելը: Ում մոտ ինչ լավ ստացվում է, նա պետք է դրանով զբաղվի։ Հավանաբար պարոն վարչապետն էլ հասկացավ, որ իր մոտ տնտեսություն զարգացնելը, երկիր կառավարելը վատ է ստացվում կամ ընդհանրապես չի ստացվում, եւ որոշեց զբաղվել իր հարազատ գործով՝ քայլերթեր կազմակերպելով: Հուսով եմ՝ մի օր ինքն ամբողջությամբ կզբաղվի քայլերթեր կազմակերպելով, իսկ կառավարության գործը կտա ավելի պրոֆեսիոնալ գործիչների»,–նշեց նա։

Հարցին՝ իսկ ՀՀԿ-ի մոտ ի՞նչն է լավ ստացվում, Շարմազանովը կարճ պատասխանեց՝ «ժամանակը բոլորի պատասխանը կտա»

Անդրադառնալով «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հայտարարությանն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը մարզեր այցելելով վարչական ռեսուրսի չարաշահում է թույլ տալիս եւ պատասխանելով հարցին, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ինչ պետք է անի այդ պարագայում, Աժ ՀՀԿ–ական փոխխոսնակը կրկնեց, որ Փաշինյանը չարաշահում է վարչական ռեսուրսը, խախտում ԸՕ–ն, ինչի առնչությամբ ՀՀԿ–ն հայտարարությամբ էր հանդես եկել. «Այն, ինչի համար Փաշինյանը եւ նրա կառավարության անդամները քննադատում էին ՀՀԿ կառավարություններին, մենք տեսնում ենք, որ ավելի մեծ թափով՝ եւ ոչ միայն վարչական ռեսուրսի հետ կապված, իրականացնում է ինքը: ԿԸՀ-ն պիտի իրականացնի ճիշտ որոշում, որը բխում է Սահմանադրությունից: Համենայն դեպս, օրենքով սահմանված կարգով հստակ գործողություններ իրականացվեն»։

Իսկ դիտարկմանը, թե Լենա Նազարյանը պնդում է, որ իրենց էլ կարող են մարզեր այցելել, պատգամավորը շնորհակալություն հայտնեց, որ «Լենա Նազարյանը թույլ է տալիս ժողովրդի հետ հանդիպել»։

Նկատառմանը, թե Արարատ Միրզոյանը Արմեն Աշոտյանին հորդորում էր իր հրաշալի ճարտասանությունը, հռետորաբանությունը հարմարեցնել գրավոր տեքստին, նկատի ունենալով, որ վերջինս շուտով զրկվելու է խորհրդարանում ելույթ ունենալու իրավունքից, Շարմազանովն արձագանքեց. «Պետք է հիասթափեցնեմ Արարատ Միրզոյանին եւ նրա «շեֆին», որոնք ջանում են, որ մենք չլինենք էս պառլամենտում: Ասեմ, որ մենք լինելու ենք խորհրդարանում, որովհետեւ ունենք բազմաթիվ աջակիցներ, դրանում կհամոզվեք դեկտեմբերի 9-ին, երեկոյան, երբ տեսանկարահանեք արդյունքները»,–եզրափակեց նա։