Վրաստանի ընդդիմության նախընտրական միասնական շտաբի պետ եւ «Նոր Վրաստան» կուսակցության նախագահ Գեորգի Վաշաձեն կեղծ է անվանել համացանցում տարածված իր եւ երկրի երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլու զրույցի ձայնագրությունը՝ տեղեկացնում է «Новости- Грузия»-ն։

«Սահակաշվիլու նոր հեղափոխությունը» անվանումով ձայնագրությունը նախօրեին հայտնվել էր ուկրաինական zdes.com.ua. կայքում։

Զրույցի ընթացքում իբր Սահակաշվիլին դժգոհություն է հայտնում, որ Վրաստանի ընդդիմությունն այդքան էլ տրամադրված չէ հեղափոխության։ Երկու րոպեանոց ժապավենում բազմաթիվ հայհոյանքներ են լսվում։ Վաշաձեն իբր ասում է, որ գումար չկա, խոսում է «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Դավիթ Բաքրաձեի հետ հանդիպման մասին, հիշատակում է Իսրայելը։

Մեկնաբանելով այս ձայնագրությունը՝ Վաշաձեն հայտարարել է, որ չի հիշում, թե վերջին անգամ երբ է խոսել Սահակաշվիլու հետ, հավաստիացրել է, որ ձայնագրությունը շինծու է, եւ որ սովորական լսողի համար էլ դա պարզ է։ Նա նաեւ տարակուսանք է հայտնել, թե ինչ հեղափոխության մասին է խոսքը եւ ով ունի դրա ժամանակը։ Նրա խոսքերով՝ երկիրը պետք է կառուցել, շատ գործեր կան անելու։

Նշենք, որ ուկրաինական ԶԼՄ-ներում առաջին անգամ չէ Սահակաշվիլու մասին նման բաներ տարածվում։