Շիրակի մարզի երկու գյուղերի համայնքապետարաններում կոռուպցիոն հանցագործության դեպքեր են պարզվել, որի կապակցությամբ հարուցվել են քրեական գործեր: Այս մասին հայտնում են NEWS.am–ի աղբյուրները։

Տեղեկատվությունը ճշտելու համար դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին, որտեղից հաստատեցին այն՝ հայտնելով, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնում ստացված տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով  պարզվել է, որ Արևիկ համայնքի նախկին ղեկավարը 2006թ. մարտին համայնքի մշակույթի տան տնօրենի պաշտոնում աշխատանքի է ընդունել մի քաղաքացու, որը 2008-ից մինչև 2010 թթ. ավարտը  չի հաճախել աշխատանքի և գտնվել է արտերկրում: Չնայած դրան, նա աշխատանքից չի ազատվել: Նրա անվամբ այդ ընթացքում ելքագրվել է 1մլն դրամից ավելի գումար աշխատավարձ, որը աշխատավարձերի վճարման տեղեկագրերում ակումբի տնօրենի փոխարեն կեղծ ստորագրություն կատարելով ստացել նախկին համայնքապետը և ակումբի տնօրենի վերառանալուց հետո հանձնել նրան:

Նմանատիպ դեպք է արձանագրվել նաև Շիրակի մարզի մեկ այլ համայնքի՝ Հայկավանի համայնքապետարանում: Ըստ մեր հարցմանն ի պատասխան ՀՀ դատախազությունից տրված տեղեկատվության՝ ՀՀ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության աշխատակիցների համագործակցության արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Հայկավան համայնքի ղեկավարն աշխատանքի է ընդունել նույն համայնքի բնակիչներից մեկին, ով իրականում աշխատանքի չի հաճախել:  Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Հայկավան համայնքի ղեկավարն աշխատանքի է ընդունել նույն համայնքի բնակիչ, իր մտերիմ Է.Ա.-ին, ով 1998-2017թթ. ընթացքում համայնքապետարանում  ձևակերպված է եղել որպես վարորդ, սակայն չի հաճախել աշխատանքի:  Այդ ընթացքում վերջինի անվամբ ելքագրվել է առանձնապես խոշոր չափերի՝ 5.800.000 ՀՀ դրամ գումար աշխատավարձ:

Արևիկի համայնքապետարանում հայտնաբերված ենթադրյալ հանցավոր արարքների փաստերով  քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի, իսկ Հայկավանի համայնքապետարանի հետ կապված՝  ՀՀ քրեական օրենսգքրի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Քրեական գործերը հարուցվել են ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում, որտեղից դրանք ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու համար:

Դատախազությունից մեզ հայտնեցին նաև, որ մարզի համայնքապետարաններում  կատարված չարաշահումների և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ այս տարվա ընթացքում մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման, հսկողության ներքո քննվել են 26 քրեական գործեր, որոնց շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել 6 համայնքների ղեկավարների։

Մեղադրական եզրակացություններով դատարան ուղարկված 2 քրեական գործով կայացվել են դատական ակտեր, որոնցով փաստվել է  ամբաաստանյալների մեղավորությունը: 8 քրեական գործերով վարույթը կարճվել  է գործուն զղջալու և պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնեու հիմքով, 4 քրեական գործերով վարույթը  կարճվել  է  արդարացնող հիմքերով,  իսկ մնացած 12 քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է։

 Քրեական գործերով վերականգնվել է 13.812.000 ՀՀ դրամի նյութական վնաս։