Քչերը գիտեն Գյումրիի Երկաթուղային տեխնիկայի թանգարանի մասին։ Թանգարանն իր յուրահատուկ ցուցանմուշներով տեղակայված է քաղաքի երկաթուղային կայարանում, եւ դրա հետ NEWS.am-ի ընթերցողներին ծանոթացնում է կայարանի պետ Մուրադ Ալեքսանյանը։

Թանգարանը ստեղծվել է չորս տարի առաջ։ Նրա գլխավոր զարդը շոգեքարշ-տանկն է, որ արտադրվել է 1899թ․՝ Պետերբուրգում։ Սա շատ յուրօրինակ ցուցանմուշ է, աշխարհում մի քանի այսպիսի «տանկ» է պահպանվել։ Հայաստանում այն միակն է։ Այժմ շոգեքարշ-տանկը «խարիսխ է գցել» թանգարանում եւ չի շահագործվում։ Սակայն Գյումրիում գործող շոգեքարշ էլ կա, այն հատուկ տոնական օրերին է օգտագործվում։ Ինչո՞ւ է շոգեքարշն այս անունը ստացել։ Որովհետեւ այն ժամանակներում իր հզորությամբ միայն տանկի հետ կարող էր համեմատվել։

Թանգարանում զանազան ցիստեռներ եւ պլատֆորմներ են ներկայացված։ Օրինակ՝ շահագործումից հանված երկսռնի պլատֆորմները։ Այժմ գործածվում են քառասռնի պլատֆորմներ։

1910թ․ փակ վագոն։ Հետաքրքիր է, որ վագոնի փայտին ոչինչ չի եղել, չնայած պատկառելի տարիքին։

Բաց երկսռնի պլատֆորմ, շահագործվել է մինչեւ 1960-ական թվականները։

Թանգարանում ռելսերի օրինակ եւ զույգ անիվ կա։ Տարբեր տարիների, կախված երկաթգծի զարգացումից, օգտագործվել են տարբեր ռելսեր եւ կոճեր։ Օրինակ՝ այժմ վագոնները մեծ են, հետեւաբար ռելսերն էլ լայն են։

Կոճերի օրինակներ՝ փայտյա, բետոնե եւ նույնիսկ մետաղական։ Պարզվեց, որ բետոնե կոճերը տեղադրում են միայն ուղիղ հատվածներում, իսկ ոլորանների վրա՝ միայն փայտյա կոճեր են (ամորտիզացիայի եւ շղթայակցման համար) տեղադրում։ Թանգարանում ցուցադրված մետաղյա կոճերը պատրաստվել են 30-ական թթ․ վերջին՝ Գերմանիայում։

Գծերի մեջ բարձրանում է «Տիտանիկը» հիշեցնող «Տարան» ձյունամաքրիչը։ Այս հսկան կարող է մաքրել մինչեւ 3 մ հաստությամբ ձյան շերտը։

Գծերը վերանորոգելու ավտոդրեզին։ Վերամբարձ կռունկ՝ ռելսերի տեղափոխման եւ տեղադրման համար։

 

Եւս մեկ ձյունամաքրիչ գնացք։ Օգտագործվում է կայարանների ձյունը մաքրելու համար։ Հատուկ սարքի շնորհիվ բառացիորեն ճանապարհից ձյունն ավլում է։ Այնուհետեւ ձյունը ժապավենավոր կոնվեյերի օգնությամբ բարձվում է վագոնների մեջ եւ քաղաքից դուրս բեռնաթափվում։ Օգտագործվել է մինչեւ 90-ականների սկիզբը։ Այժմ նույն նպատակներով ժամանակակից տեխնիկա է օգտագործվում։

Ջերմաքարշեր։ Ռելսերը կցորդող ինքնագնաց մեքենա։ Անցյալում ռելսերը կցորդում էին։ Այժմ հատուկ միացումներ են օգտագործում։ Ռելսի երկարությունը 25 մ է։

 

Հարթեցնող մեքենա։ Օգտագործվել է երկաթուղային ճանապարհի ուղղման համար։ Այժմ չի օգտագործվում։

Մեր նկարահանումները համընկան էլեկտրագնացքի ժամանման հետ։ Հրաշալի կերպով Գյումրիի կայարանում միավորվեցին անցյալն ու ներկան, 120-ամյա շոգեքարշն ու ժամանակակից տեխնիկան։


 

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/ Լուրեր Հայաստանից-NEWS.am