«Հայէլեկտրո» գործարանի տարածքը հայ ներդրողն արդեն վերցրել է եւ մտադիր է այնտեղ մեքենաշինական ոլորտի գործարան ստեղծել, որը ենթադրում է մի քանի հարյուր աշխատատեղ ստեղծել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, Վանաձորի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, հաջորդ ներդրումային ծրագրով հիմնվելու է ֆոտովոլտային մարտկոցների արտադրություն, որը արեւային պանելների արտադրությունն է. «Ընդ որում արդեն ամբողջությամբ սարք-սարքավորումները ներկրված են, պահեստավորված է: Մնում է կառավարությունը տարածքը տրամադրի եւ գործարանը ստեղծվի: Դա 600 աշխատատեղով գործարան է լինելու:

Երեկ մի ներդրող մոտեցավ եւ ինձ ասաց, որ Կոտայքի մարզում ադամանդագործության ոլորտում ադամանդի մշակման մեծ գործարան ունի ու հիմա մեծ ներդրում է անում եւ 2 հազարի չափ նոր աշխատատեղ է ստեղծվելու:

Երեկ քննարկում էինք Արթիկում կարի գործարանի բացումը, որտեղ նախատեսվում է 200 աշխատատեղ: Արթիկում նախատեսվում է նաեւ վերելակների գործարանի արտադրություն: Գյումրիում, եթե ամեն ինչ գնա ըստ պլանավորվածի, կարի մեծ արտադրամաս կբացվի:

Այսօր ինձ ասացին, որ դեկտեմբերի վերջին Լոռու մարզում ժամանակակից գազի բալոնների արտադրություն է հիմնվելու մոտ 150 աշխատատեղով:

Պրոցեսն արդեն սկսվել է: Այս ծրագրերի մի մասը 100 տոկոսով իրականություն կդառնա, մյուս մասի վրա կաշխատենք, որ 100 տոկոսով իրականություն դառնա: Դեկտեմբերին Մերձավանում բացվում է կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանը: Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ այս միտումը պետք է վերափոխի ՀՀ տնտեսության կառուցվածքը. «Տեքստիլ ոլորտում շատ լուրջ ներդրումներ են արվում: Այդ ներդրումները շղթայական ռեակցիա են ունենալու»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը: