Մեր դիրքորոշումն է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Գտնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ, քանի որ դրա համար անհրաժեշտ հիմքերն առկա են։ Մեր մեղադրանքի ձեւակերպումները, այն ինչում մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը, ոչ մի կերպ չեն կարող դիտարկվել որպես նախագահի գործառույթներից բխող, որովհետեւ մեղադրանքից ակնհայտ է դառնում, որ Քոչարյանին մեղսագրված արարքները իրենց առանձին մասերով վերցված՝ ե՛ւ ձեւական, ե՛ւ բովանդակային առումով չեն համապատասխանում Սահմանադրությանն ու օրենքներին»,–նշեց նա։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։ Որպես մեղադրող կողմ հանդես է գալիս գլխավոր դատախազը։ Հարցին, թե ինչու է հենց ինքը մասնակցում նիստին, քանի որ նախկինում նման նախադեպ չի եղել, Դավթյանը պատասխանեց, որ ինքն է այդպես նպատակահարմար գտել։