Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ փետրվարի 17-ին Չինաստանի ԱԳ նախարար Յան Ձիեչիիի հետ քննարկել է հայ-չինական տնտեսական կապերին վերաբերող խնդիրներ, այդ թվում Հայաստան-Իրան երկաթգծի շինարարության հարցում Չինաստանի հետաքրքրվածությունը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետն անդրադարձել է «Շանհայ Էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսի շրջանակում Չինաստան կատարած իր այցին` նշելով, որ ջերմ հիշողություններ ունի թե՛ Չինաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումներից, թե՛ համաշխարհային ցուցահանդեսից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ են խոսել հայ-չինական հարաբերությունների զարգացման ուղղությամբ արձանագրված շոշափելի առաջընթացի մասին: Քննարկվել են էներգետիկայի, քիմիայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, մշակույթի եւ կրթության ոլորտներում համագործակցության հեռանկարները:

Վարչապետ Սարգսյանը կարեւորել է «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության գործարկումը` ընդգծելով, որ այդ հաջողված փորձի հիման վրա հնարավոր է նոր համատեղ նախաձեռնությունների իրականացումը: Երկկողմ առեւտրաշրջանառության աճի համատեքստում անհրաժեշտ է համարվել չօգտագործված մեծ ներուժի իրացումը: Խոսելով երկկողմ տնտեսական հարաբերությունների շարունակական խորացման մասին` Յան Ձիեչին հեռանկարային է համարել չինական շուկա հայկական ապրանքների արտահանումը:

Զրուցակիցները մեծապես կարեւորել են նաեւ երկու երկրների միջեւ օդային ուղղակի հաղորդակցության հաստատումը, ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացումը եւ կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը:

Չինաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ՉԺՀ քաղաքացիների համար վիզաների ստացման ընթացակարգերի պարզեցման, իսկ Հայաստանի վարչապետը`  մեր երկրին ցուցաբերվող շարունակական օժանդակության համար:

Վարչապետը շնորհավորել է Յան Ձիեչիին Չինաստանում այսօր նշվող Լապտերների տոնի կապակցությամբ եւ խնդրել իր ողջույնները փոխանցել Չինաստանի վարչապետ Ցզյաբաոյին: