Վրաստանի ՆԳՆ-ը հետաքննում է 11 հնարավոր հանցագործությունների փաստերը, որոնց թվում Կախեթիի Չումլակի գյուղում կրակոցների հետ կապված դեպքը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՆԳ փոխնախարար Նաթիա Մեզվրիշվիլին՝ տեղեկացնում է «Новости-Грузия»-ն։

«Ռուսթավի 2» հեռուստաալիքն այսօր երեկոյան տարածել է լրատվություն Չումլակիի 19-րդ ընտրատարածքի մոտ կրակոցների մասին։ Ըստ հեռուստաալիքի՝ այն պահին, երբ ընտրատարածքի մոտ է եղել երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եղբայր Դավիթ Սահակաշվիլին, ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայից անհայտ անձինք մի քանի անգամ երկինք են կրակել։

Մեզվրիշվիլիի խոսքերով՝ այս միջադեպն, ամենայն հավանականությամբ, կապված չէ ընտրությունների հետ, եւ կրակողը ոչ սթափ վիճակում է եղել։

ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել նաեւ «բռնություն կամ բռնության սպառնալիք» հոդվածով՝ կապված Մցխեթի քաղաքում ընտրատեղամասերից մեկի մոտ ծեծկռտուքի հետ։

Ոստիկանությունը հետաքննում է նաեւ ընդդիմադիր գործիչների ավտոմեքենաների անվադողերն ընտրատեղամասերի մոտ վնասելու մասին գործը, որը հարուցվել է «իրի վնասման եւ ոչնչացման» հոդվածով։

Մեկ այլ քրեական գործ՝ դարձյալ «բռնություն կամ բռնության սպառնալիք» հոդվածով, հարուցվել է Բաթումի առողջարանային քաղաքում ընտրատեղամասի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։