«Իմեդի» հեռուստաընկերության պատվերով Gallup International-ի անցկացրած էքզիթ-փոլի տվյալներով՝ Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթում է Սալոմե Զուրաբիշվիլին, ում աջակցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ տեղեկացնում է «Новости-Грузия»-ն։

Նախնական տվյալներով՝ Զուրաբիշվիլին ստացել է ձայների 58 տոկոսը, իսկ ընդդիմադր «ՈՒժը միասնության մեջ է» դաշինքի ներկայացուցիչ Գրիգոլ Վաշաձեն՝ 42 տոկոսը։

Հարցումներին մասնակցել է 10 204 մարդ։ Տվյալները ժամը 18։00-ի դրությամբ են։

Նշենք, որ բերված տվյալները չեն ներառում արտասահմանյան 35 երկրներում ընտրության արդյունքները։ Նախնական տվյալներով՝ դրանց 30 000 մարդ կմասնակցի։

Գործող նախագահ Գեորգի Մերգվելաշվիլիի իրավասությունները կդադարեցվեն նոր նախագահի երդմնակալության օրը, որն, ըստ Վրաստանի սահմանադրության, պետք է տեղի ունենա ընտրություններից հետո երրորդ կիրակի օրը, այսինքն՝ դեկտեմբերի 16-ին։