Առաջին անգամ երկար տարիների ընթացքում Հայաստանում խորհրդայնացման օրը՝ նոյեմբերի 29-ը միջադեպերով ուղեկցվեց: Հայաստանի կոմունիստները ստիպված էին բանվոր-գյուղացիական Կարմիր բանակի զոհված մարտիկների պատիվն ու հիշատակը Երեւանի փողոցներում կռվով պաշտպանել:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ըստ ավանդույթի մոտ 50 կոմունիստներ որոշել էին նշել Խորհրդայնացման օրը՝ 98-ամյակը: Այդ նշանավոր օրվա առիթով նրանք որոշել էին ծաղիկներ դնել Բաքվի կոմունայի նախագահի՝ Լենինի զինակցի՝ Ստեփան Շահումյանի հուշարձանին, որը Հանրապետության հրապարակից քիչ հեռու է գտնվում, ինչպես նաեւ Կարմիր բանակի մարտիկների երկու հուշահամալիրներին:

Սակայն հիշատակի միջոցառումները խաթարվեցին եվրոպական ինտեգրացիայի մասնակիցների կողմնակիցների հետ կռվով:

Միջոցառումները կազմակերպվել էին Հայաստանի Կոմունիստական կուսակցության կողմից, որի ակտիվիստներին միացել էին Հայաստանի առաջադեմ կոմունիստական կուսակցության եւ «Սոցիալիստական ուղի» կուսակցության ներկայացուցիչները եւ ղեկավարները:

Նրանք միասին ծաղիկներ դրեցին վերոնշյալ հուշարձաններին, որից հետո, որոշ ժամանակ անց նրանց կողքով Ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ անցան Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի կողմնակիցները՝ պաստառներով, որոնք կոչ էին անում հանրապետության տարածքից հանել 102-րդ ռազմական բազան:

Պաստառներին նաեւ նշված էր, որ Կարմիր բանակը «ոչ թե ազատագրել, այլ օկուպացրել է Հայաստանը»: Սա կոմունիստների զայրույթն առաջացրեց, որոնք հետեւեցին նրանց կողքով անցնող շարասյանը, որը ղեկավարում էր Եվրոպական կուակցության համանախագահ Տիգրան Խզմալյանը:

Խզմալյանը եւ նրա կողմնակիցները մոտեցան 11-րդ Կարմիր Բանակի մարտիկների  հուշահամալիրին: Խզմալյանը եւ նրա թիմը փորձեցին ելույթ ունենալ, սակայն այդ պահին կոմունիստներին քննադատող մտքեր հնչեցին եւ ծեծկռտուք սկսվեց: Իրավիճակն այնքան էր թեժացել, որ ոստիկանության աշխատակիցները ստիպված էին միջամտել: Նրանք ստիպված էին աշխատակիցներին մոտեցնել՝ արեւմտամետ փոքրաթիվ խմբին նրանց երկու անգամ գերազանցող կոմունիստներից պաշտպանելու համար: Արդյունքում կոմունիստներին հաջողվեց հակառակորդներին թույլ չտալ մոտենալ հուշարձանին, որը ըստ նախապես հայտարարված ծրագրերի, նրանք մտադիր էին «փակել»:

Արդյունքում Խզմալյանն իր կողմնակիցներին հավաքեց եւ երթը շարունակեց դեպի Երեւանում ռուսական դեսպանատուն: Նրանք փորձեցին դեսպանատան աշխատակիցներին բողոքի նոտայով նամակ փոխանցել՝ կապված «օկուպացիայի» տարելիցի հետ, սակայն նրանց հետ հանդիպելու համար ոչ ոք դուրս չեկավ: Դա քիչ էր, որոշ ժամանակ անց դեսպանատանը մոտեցան կոմունիստները, որոնք ոստիկանների հետ միասին նրանց ճանապարհը փակեցին: Մասնակիցների միջեւ բանավոր վեճ է սկսվել, որից հետո Խզմալյանը կրկին ստիպված էր զիջել: Նա եւ նրա կողմնակիցները հեռացան դեպի քաղաքապետարանի շենք, որտեղ նրան էր սպասում խորհրդային տարիների այլախոհ Պարույր Հայրիկյանը:

«Ուղիղ 98 տարի առաջ այս օրը այս փողոցով, որը նախկինում կոչվում էր Կարմիր բանակի, Հայաստան են մտել Ռուսական Կարմիր բանակի օկուպացիոն զորքերը, եւ մինչեւ հիմա Հայաստանը համարվում է օկուպացված երկիր»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տիգրան Խզմալյանը: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է Հայաստանի տարածքից հանել, իսկ հանրապետությունը պետք է մտնի ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի մեջ՝ ազատվելով «ռուսական օկուպացիայից»:

«Եթե մենք 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անկախության հանրաքվե ենք անցկացրել, եւ, ըստ էության, ընտրել ենք նոր արժեհամակարգ, ապա պետք է հրաժարվենք բացասական քարոզչությունից եւ անցյալի գովերգումից»,- հավելեց Հայրիկյանը:

Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանն իր հերթին, պատասխանելով NEWS.am-ի հարցին, շեշտեց, որ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազային այլընտրանք չկա եւ չի կարող լինել, քանի որ ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր երկիրը չի պաշտպանի նույն դաշինքի անդամ մեկ այլ երկրից՝ Թուրքիայից, որն այս կազմակերպության մեջ զինված ուժերի թվով երկրորդն է՝ զիջելով միայն ԱՄՆ-ին: «Նրանք ցանկանում են միայն ցանկացած գնով Հայաստանին Ռուսաստանից պոկել, որը մեր ռազմավարական դաշնակիցն է եւ եղբայրական երկիր է»,- նշեց Ղազարյանը՝ մեկնաբանելով քաղաքական հակառակորդների գործողությունները: