Հայ-ռուսական հարաբերություններն այսօր հատուկ հոգածության  կարիք ունեն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, Լազարյան ակումբի նիստին իր ելույթում ասաց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Լազարյան ակումբի առաջին նիստի նշանավոր օրը բոլորին ողջունելով՝ նախկին նախագահը հույս հայտնեց, որ այս բանավիճային հարթակը՝ ռուսաստանաբնակ հայ բարերարների ընտանիքի անունով, կդառնա ոչ միայն բարեկամների հանդիպման վայր, այլեւ նոր գաղափարների եւ արդյունավետ նախագծերի ստեղծման միջավայր, որոնք ուղղված կլինեն հայ-ռուսական հարաբերությունների եւ բարեկամության ամրապնդմանը:

Քոչարյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Կոնստանտին Զատուլինին ակումբի ստեղծման ջանքերի համար եւ ուրախություն հայտնեց այն առիթով, որ ակումբի անդամներ են դարձել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի հայտնի մարդիկ:

Քոչարյանի խոսքով, հայ-ռուսական հարաբերություններն այսօր հատուկ հոգածության  կարիք ունեն:

«Ուղղակի կամ անուղղակի կոչերը՝ ուղղված Հայաստանի ավանդական աշխարհաքաղաքական առաջնահերթությունների վերանայման այս տագնապային ժամանակներում, անգամ առանց իրականացման, այնուամենայնիվ, սպառնալիք են ներկայացնում: Տեղեկատվական տեխնոլոգիաները եւ սոցիալական ցանցերը այսօր մեծ հնարավորություններ են տալիս հանրային տրամադրությունների մանիպուլյացիաների համար: Թույլ են տալիս հասարակության մեջ կասկածի եւ անվստահության տարրեր առաջացնել, ինչը կհանգեցնի երկարատեւ հարաբերությունների էրոզիային»,- զգուշացրեց նախկին նախագահը:

Ինչպես նշեց Ռոբերտ Քոչարյանը, ցանկացած բարեկամություն ջանքեր է պահանջում, մեր էներգիայի, ժամանակի ու էմոցիաների կարիքն ունի: «Բարեկամությունն, իհարկե, նաեւ իներցիա ունի: Բայց միայն իներցիայով չի կարող զարգանալ: Հիշեք, թե կյանքում մենք բոլորս որքան բարեկամներ ենք կորցրել միայն այն պատճառով, որ բավականաչափ  ջանքեր չենք գործադրել, որպեսզի նրանց պահպանենք: Բարեկամությունը դադարում է, երբ բարեկամերի անկեղծության եւ մտադրությունների վերաբերյալ կասկածներ են հայտնվում, եւ երբ կողմերից մեկը ձգտում է ավելին ստանալ, քան պատրաստ է տալ: Դժվար եւ սխալ է բարեկամություն անել հավերժորեն խնդրողի, պնդերեսի եւ նվնվացողի հետ: Նման հարաբերություններն անխուսափելիորեն վերափոխվում են վասալայինի կամ զայրացնողի: Սա արդարացի է ոչ միայն անձնական, այլեւ միջպետական հարաբերություններում: Հենց այստեղ՝ միջպետական հարաբերություններում մենք պետք է հասկանալի, կանխատեսելի, հուսալի եւ միմյանց անհրաժեշտ գործընկերներ լինենք: Երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները պարզապես շահերի համընկնում չեն: Սա պետական շահերի եւ մեր հասարակությունների փոխհարաբերություններում մարդկային գործոնի խորը ներթափանցման սինթեզ է: Ես չեմ կարող նման ուժեղ համադրությամբ եւ այս գործոնների հաստատմամբ այլ երկրների օրինակ գտնել, ինչպես Ռուսաստանի հետ Հայաստանի: Այս հարաբերությունները մենք ժառանգել ենք եւ պետք է ամենօրյա ջանքեր ներդնենք դրանց պահպանման եւ զարգացման համար:

Ես շատ կցանկանայի, որ ակումբն այս գործունեության առանցքային տարրերից մեկը դառնար»,- ասաց Քոչարյանը, հավելելով, որ պատրաստ  է մասնակցել նաեւ հաջորդ հանդիպումներին:

Ելույթի ավարտին Քոչարյանը Զատուլինին նվիրեց իր գրքի առաջին օրինակներից մեկը: