Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում տիրող լարված վիճակըանտարբեր չի թողնում ոչ միայն թատրոնի ոլորտի ներկայացուցիչներին, այլև քաղաքական ու հասարակական գործիչներին:

Ֆեյսբուքյան իր էջում հասարակական-քաղաքական գործիչ, քաղաքագետ, հրապարակախոս Լիլիթ Գալստյանը ևս անդրադարձել է խնդրին՝ ընդգծելով, որ քանդելը հեշտ է, հատկապես, երբ կառուցողը դու չես: Հրապարակախոսը խորհուրդ է տվել «քանդողներին»՝ կառուցել իրենցը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Համազգայինի թատրոնի շուրջ զարգացող իրադարձություններին չեմ կարող անտարբեր մնալ, պարզապես բարոյական իրավունք չունեմ։ Այն ինձ համար սոսկ թատրոն չէ, սա մեր թատրոնն է, որի ծնունդի մասնակիցն ու վկան եմ, նրա հաջողություններով հպարտացողը, նրա ներկա ճակատագրով տագնապողը։

1991թ․-ին, երբ Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունը հաստատվում էր Հայաստանում եւ գալիս էր հետխորհրդային փլզումի, պատերազմի, շրջափակման, մթի ու ցրտի իրականության մեջ հոգեւոր-մշակութային օազիսներ կերտելու եւ նեցուկ լինելու նահանջող մշակութային կյանքին, մեր առաջին նախաձեռնություններից մեկը եղավ Համազգայինի թատրոնի հիմնադրումը։

Թատրոնը Սոս Սարգսյանի զավակն էր, տունը, նվիրումը, երազանքը, սերը։ Այդ նվիրումն ու սերը մեր՝ Համազգայինի թատրոն բերեց ժամանակի լավագույններին՝ Կարեն Ջանիբեկյանին, Գալյա Նովենցին, Շահում Ղազարյանին, Աննա Էլբակյանին, Կարինե Ջանջուղազյանին, Դավիթ Հակոբյանին, Հրաչյա Գասպարյանին։ Սոս Սարգսանը կերտեց թատրոն՝ երիտասարդ հրաշալի սերնդով, կայուն խաղացանկով։ Շատ արագ այն վավերական ներկայություն դարձավ մեր մշակութային կյանքում, եւ 2003-ին նրան շնորհվեց պետական կարգավիճակ։ Միեւնույն է, թատրոնը, երբեք չդադարեց մերը/իմը լինելուց․․․

Երկու տարի առաջ, երբ թատրոնի գեղ․ ղեկավար նշանակվեց Վիգեն Չալդրանյանը, համոզում ունեի, որ հաջողելու են։ Տաղանդավոր Վիգեն Չալդրանյանին չհավատալու պատճառ չկար, բայց չստացվեց․․․Հստակ է, թատերախումբ-գեղարվեստական ղեկավար քիմիան չի ստացվել։ Մեղավորներ չեմ փնտրում․ բայց իրողությունն այն է, որ անդառնալիության գիծը հատվել է, թատրոնը կաթվածահար է։ Տարիներով հունցված ավանդույթներ, փիլիսոփայություն, գեղարվեստական, գեղագիտական ու ստեղծագործական սկզբունքներ ունեցող թատերախումբն իր ապագայի այլ պատկերացումներն ունի։

Խնդրին խոհեմ լուծում տալու փոխարեն Մշակույթի նախարարությունն ավելի է բարդացնում կացությունը՝ առանց թատերախմբի հետ խորհրդակցելու, թատրոնի գեղ․ ղեկավար նշանակելով Սուրեն Շահվերդյանին։

Իրավական տեսանկյունից թվում է, թե ամեն ինչ կարգին է․ ՊՈԱԿԻ մասին օրենքն այդ նախատեսումն ունի։ Բայց որքան հեռու պիտի լինել ԹԱՏՐՈՆ երեւույթից՝ չհասկանալու որ թատրոնը շարքային ոչ առեւտրային կազմակերպություն չէ, թատրոն շնչող, ապրող, արարող, անհատականություն եւ ավանդույթ ունեցող երեւույթի հետ չի կարելի վարչահրամայական մեթոդներով խոսել։ Առհասարակ, մշակույթի կառավարումն այլ մոտեցում ու ճանաչողություն է պահանջում․․․

Սակայն իրավիճակը ոչ միայն մտահոգիչ է դարձնում, այլեւ լավատեսության հույս չի ներշնչում, նորանշանակ գեղարվեստական ղեկավարի հայտարարությունը, թե «Եթե կլինեն մարդիկ, ովքեր չեն ուզի աշխատել, գիտեք ինչքան տաղանդավոր դերասաններ կան, որ թատրոնի դռներն են թակում»։

Սա Համազգային թատրոնի հիմնադիրների, հնաբնակների ու պարզապես այդ օջախը կերտած մարդկանց հետ խոսելու ոչ ճշմարիտ ոճ է, ոչ էլ՝ ստեղծագործող մարդու վարքագիծ։ Որտեղի՞ց թատրոնի հետ վերեւից խոսելու այդ ինքնավստահությունը․․․

Քանդելը հեշտ է, մանավանդ, երբ դու չես կառուցել, փորձեք սիրել ու կառուցել ձեր թատրոնը։

Հուսով եմ, որ կգտնվեն խելամիտ լուծումներ, եւ նախ, մեր՝ Համազգային թատրոնի հնաբնակները թույլ չեն տա, որ մշուշոտ դառնա տարիներով վաստակված թատրոնի ճակատագիրը»: