Այս տարի Երեւանի Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառը նորն է լինելու: Այս պահին հրապարակում ընթանում են նոր տոնածառի տեղադրման աշխատանքները, որը համակարգում են ռուսական Green Trees ընկերության ներկայացուցիչները, որոնք էլ հենց բերել են տոնածառը:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ տոնածառը եկել է Մերձմոսկվայի Կոլոմնա քաղաքից: Ի տարբերություն նախորդ տոնածառի՝ նորը արհեստական ճյուղերով է: Նոր խաղալիքներ ևս բերվել են: Դրանք թվով 1550 են։ 

Նոր տոնածառն ունենալու է 35 մետր բարձրություն, որը 3 մետրով բարձր է լինելու վերջին 7 տարիներին տեղադրվող տոնածառի բարձրությունից:

«Տոնածառը Ռուսաստանից ենք բերել, Հայաստանի կառավարությունն է պատվիրել: Այն կունենա պայծառ լուսավորություն: Լույսերի երկարությունը հասնում է 220 կմ-ի: Շատ են լինելու խաղալիքները: Շատ գեղեցիկ է լինելու»,-նշեցին նրանք՝ հավելելով, որ այս նույն տոնածառից աշխարհում մի քանի տեղ կա, այդ թվում Ռուսաստանում:

Տոնածառի տեղադրման աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 20-ին:

Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ տոնածառի արժեքը մոտ 71 մլն դրամ է։