Երեւանում ընթանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-ամյակին նվիրված խոշոր միջազգային գիտաժողով:

«Սպիտակի երկրաշարժը 30 տարի անց. Փորձ եւ հեռանկարներ» գիտաժողովն անցկացվում է Գիտությունների ազգային ակադեմիայում: Գիտաժողովի նպատակն է առաջատար եւ երիտասարդ մասնագետների գիտելիքների համախմբումը, երկրաշարժերի կանխատեսման հարցում նոր մեթոդների քննարկումը: Գիտաժողովի աշխատանքին մասնակցում են ավելի քան 100 մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Վրաստանից, Գերմանիայից, Հունաստանից, Իրանից, Տաջիկստանից, Թուրքիայից, Թուրքմենստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Հոլանդիայից, Ճապոնիայից, Կատարից, Բելգիայից եւ Կանադայից:

Հայաստանը գտնվում է սեյսմիկ վտանգավոր տարածաշրջանում, եւ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժը երկրի պատմության մեջ առաջին ավերիչ երկրաշարժը չէ: Բավական է հիշել, որ պատմական տարբեր ժամանակահատվածներում Հայաստանի 12 մայրաքաղաքներ աղետից տուժել են:

Ամեն տարի աշխարհում գրանցվում է 15-20 երկրաշարժ, որոնք հզորությամբ նման են Սպիտակի երկրաշարժին: Սակայն Սպիտակի երկրաշարժը եզակի էր նկատի ունենալով ծանր հետեւանքները՝ 25 հազար զոհ եւ վիթխարի նյութական վնաս:

Գիտաժողովը կտեւի մինչեւ դեկտեմբերի 7-ը: Մասնակիցները կայցելեն նաեւ երկրաշարժի էպիկենտրոն: Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ-ն եւ ԱԻՆ-ը: