Վրաստանի խորհրդարանն արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրություն չունի:

Նախօրեին Թբիլիսիի կենտրոնում տեղի էր ունեցել «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորման մասշտաբային ակցիան, որի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն նոյեմբերի 28-ին անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պարտվել էր, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ընդդիմությունն ընտրությունների արդյունքները չի ճանաչում, մտադիր է դատարանով հասնել դրանք անվավեր ճանաչելուն եւ իշխանություններից պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Վաշաձեն հայտարարել է, թե իշխանություններին ժամանակ է տալիս մինչեւ դեկտեմբերի 16-ը, որպեսզի նրանք իրենց հետ երկկողմ խորհրդակցություններ սկսեն, այլապես բողոքի ցույցերը կշարունակվեն: Ընդդիմության ներկայացրած օրը՝ դեկտեմբերի 16-ը, համընկնում է ընտրված նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության օրվան:

«Խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2020 թվականին, ինչպես նախատեսված է Սահմանադրությամբ: Մենք երդմնակալությանն ենք պատրաստվում, ինչպես նաեւ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին: Այսպիսին է մեր օրակարգը»,- լրագրողներին ասել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն եւ հավելել, որ ընդդիմության հանրահավաքն ապացուցեց, որ այն ոչ մի ռեսուրս չունի երկրում հեղաշրջում կազմակերպելու եւ իրավիճակն ապակայունացնելու համար: