Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Արգենտինայում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հիշեցրել են Հայոց ցեղասպանության մասին:

Հարցնելով Թուրքիայում փոքրամասնությունների իրավունքների խախտումների մասին՝ արգենտինահայ լրագրողը հավելել է. «Ես ընտանիքներից մեկի ժառանգն եմ, որը տուժել է Հայոց ցեղասպանության ժամանակ»,- հայտնում է Prensa Armenia-ն:

Ի պատասխան Էրդողանը հայտարարել է. «Չի կարելի Թուրքիային մեղադրել հայերի դեմ ցեղասպանության մեջ: Հարցը թողեք պատմաբաններին, եւ եկեք լսենք, թե ինչ են ասում պատմաբանները: Դա մեր պատմության մի մասը չէ, ես կարող եմ այս մասին վստահաբար ասել: Մենք պատրաստ ենք մասնակցելու քննարկումներին»:

Նա նաեւ հավելել է, որ Թուրքիայում հարյուր հազարավոր հայեր կան, նրանցից մոտ 30 հազարը փաստաթղթեր ունեն: «Նրանք Հայաստանից հեռացել են Թուրքիայում բնակություն հաստատելու համար, եւ մենք նրանց դա թույլ ենք տվել: Մեր երկրում է բնակվում մոտ 100 հազար հայ»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ հայերին նրանց քաղաքացիության հիմքով երբեք չեն արտաքսել:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Արգենտինայում հայ համայնքը բողոքի ակցիա էր անցկացրել ընդդեմ Արգենտինա Էրդողանի այցի: