Սպիտակի երկրաշարժի ժամանակ զոհերի մեծ թվի գլխավոր պատճառն անորակ շինարարությունն էր: Այս մասին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հայտարարեց «Սպիտակի երկրաշարժը 30 տարի անց. փորձ եւ հեռանկարներ» թեմայով միջազգային գիտաժողովի բացման ժամանակ:

ԳԱԱ եւ գիտական հանրույթի անունից ողջունելով արտասահմանցի հյուրերին՝ Ակադեմիայի նախագահը նրանց փայլուն քննարկումներ մաղթեց: Նրա խոսքով՝ Սպիտակի երկրաշարժը հայ ժողովրդի համար լուրջ փորձություն էր: «Երկրաբանության տեսանկյունից Սպիտակի երկրաշարժը սովորական իրադարձություն էր: Սակայն հաշվի առնելով հայ ժողովրդի համար հետեւանքները, այն աննախադեպ էր՝ 25 հազար զոհ եւ վիթխարի նյութական կորուստներ: Անցած 30 տարում պատճառները բազմիցս են վերլուծվել: Առաջին հերթին նշվում էր անորակ շինարարությունը, բազմաթիվ խախտումներն ու սխալները: Սա մեծ թվով զոհերի գրանցման գլխավորագույն պատճառներից մեկն է: Սա ցավոտ հարց է՝ շինարարական նորմերի, նախագծման խախտումները եւ սեյսմիկ ակտիվության սխալ գնահատումը՝ 1-1,5-ից ցածր, քան պետք է լիներ: Հիմա նորմերը փոփոխվել են եւ ներդրված են բացարձակապես նոր ստանդարտներ: Սա հիմք է տալիս ասելու, որ ներկայումս կատարվող շինարարությունը հաշվի է առնում Սպիտակի երկրաշարժի դասերը»,- նշեց Ռադիկ Մարտիրոսյանը:

Գիտնականներին հուզող մյուս հարցը սեյսմիկ ակտիվ տարածաշրջանում դիտարկումներն են եւ գիտական մշակումները՝ ուղղված երկրաշարժերի կանխատեսմանը: