Սկսած մայիս ամսից Նախիջեւանի հետ շփման գծում Ադրբեջանը առաջ է տվել իր դիրքերը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 4–ին,  մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ նախընտրական  ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող, անկուսակցական Դավիթ Շահնազարյանը։

Ըստ նրա՝ վերջերս հայտարարություն հնչեց Պաշտպանության նախարարության  կողմից, որտեղ նշվեց, թե Ադրբեջանի դիրքերի առաջխաղացում կա, բայց չեզոք գոտու իրենց հատվածում. «Առաջինը՝  չեզոք գոտի չկա, կա միջդիրքային տարածք, որը մայիսից սկսած էապես կրճատվել է: Դուշանբեի հանդիպումից հետո այդ դիրքերը, որոնք առաջ էին տրվել, սեպտեմբերի 27-ից հետո ապահովվել են ճանապարհներով, որոնք ապահովելու են Ադրբեջանի այդ դիրքերի կենսունակությունը: Ահա թե ինչի համար էին այդ Դուշանբեի պայմանավորվածությունները»,-ասաց նա:

Շահնազարյանը նշեց, որ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի կողմից օգտագործված այն բառը, թե Դուշանբեի հանդիպումից հետո Ալիևը հանդես է գալիս կառուցողական,  սխալ է, ճիշտ կլիներ՝ կառուցողական բառի փոխարեն օգտագործեր շինարարական բառը:

Նա նաեւ  ասաց, որ Արցախի շփման գծում սեպտեմբերի 27-ից մեծ թափով Ադրբեջանն իրականացնում է շինարարական աշխատանքներ, բլուրների մեծ մասն արդեն պատրաստ է. «Այդ բլուրները շփման գծի ամբողջ երկայնքով են, ավելի մեծ խտություն կա հարթավայրային ռելիեֆներում, 1300 մետր է շփման գծում, բարձրությունը 12-15 մետր է»։

Անդրադառնալով  ռազմական փորձագետների կարծիքին այդ բլուրների մասին՝ Շահնազարյանը նշեց, որ  նման տիպի շինությունները կրկնակի նշանակություն ունեն՝ պաշտպանվելու հարձակվելու համար. «ԼՂ հակամարտության կոնտեքստում հաշվի առնելով, թե հայկական կողմերի քաղաքականությունը, որ հարձակում չի նախատեսվում, և Ադրբեջանի քաղաքականությունը, որը գիշեր-ցերեկ նոր պատերազմի մասին է խոսում, այսքան ծախսատար բլուրներն ունեն բացարձակապես հարձակվողական նշանակություն: Կիրթ մարդը, ինչպես Ալիեւին համարել է գործող վարչապետի պաշտոնակատարը, շարունակում է հռետորաբանությունը, շարունակում է, ինչպես նախարարն է ասել, կառուցողական քաղաքականությունը»։

Ըստ Շահնազարյանի՝  սեպտեմբերի 27-ին Դուշանբեում կայացած վերելակային հանդիպումից հետո որևէ քննադատական խոսք Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի քաղաքականության մասին չի ասվել. «Ալիեւը  նախապատրաստում է հարձակում, Նիկոլ Փաշինյանը սկսել է քաղաքական հարձակում Արցախի ռազմական ղեկավարության վրա այս կողմից: Ես հեռու եմ այն մտքից, որ սա անփորձության հետեւանք է, սա քաղաքականություն է, ինչի համար որոշ ուժեր նպաստել են, որ նա գա իշխանության»,-ասաց նա: