Արցախի հարցում իրենց համար խորհրդանիշը Սասուն Միքայելյանի մարմնի մեջ եղած մետաղի քաշն էր… մի ատրիբուտ էլ ունեն խորհրդանիշ, որի մասին այսօր չեմ խոսի: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 4–ին,  մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ նախընտրական  ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող, անկուսակցական Դավիթ Շահնազարյանը։

«Հարց տվեք Սասուն Միքայելյանին, թե 1994 թվականի հունվարի առաջին կեսին Օմարի բարձունքները ինչպե՞ս զիջվեցին հակառակորդին, ո՞վ էր այդ հրամանատարներից մեկը եւ ո՞ւմ էր ուզում Վազգեն Սարգսյանը ռազմական իրադրության կանոններով ամենախիստ պատժի ենթարկել՝ գնդակահարել, եւ ովքեր համոզեցին, որ չանի: Թող մանրամասները պատմի: Հարցրեք, թե ի՞նչ ստորաբաժանումներ էին, որոնք հետ վերադարձրեցին այդ դիրքերը: Դրանք զիջելը չափազանց մեծ վտանգ էր ստեղծել մեզ համար, որովհետեւ բաց էր ճանապարհը մինչեւ Քարվաճառի խորքերը։ Հունվարի 22–ից սկսվեց այդ դիրքերը հետ վերադարձնելու մարտական գործողությունը, որը իրականացնում էր ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի Ասկերանի գունդը, որին կցված էին մի քանի ստորաբաժիններ։ Այդ գնդի հրամանատարը Վիտալի Բալասանյանն էր, եւ այդ գնդի գումարտակներից  մեկի հրամանատարը՝ Արշավիր Ղարամյան, եւ շատ ու շատ հրաշալի հրամանատարներ կային այնտեղ։ Եվ վարչապետը, երբ սկսել էր իր հարձակումը ԼՂՀ իշխանությունների եւ գեներալների վրա, նաեւ այդ երկու գեներալներին ի նկատի ուներ », - ասաց Դ.Շահնազարյանը։

Ինչ–որ մարդիկ կոչ էին անում նաեւ մանր– մունր կուսակցություններից  այս քարոզարշավի ընթացքում չանդրադառնալ Արցախին, մինչդեռ, ըստ Շահնազարյանի, դա աբսուրդ  կոչ է. «Ինչ-որ մարդիկ ինձ մոտ էլ են եկել, ենթադրում եմ, որ իշխանություններն են ուղարկել, փաստեր չունեմ»։