Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել հայտնի ռուս գրող Անդրեյ Բիտովի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության լրատվական ծառայությունից։

Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա հայտնի ռուս գրող Անդրեյ Բիտովի մահվան մասին: Նրա անունը հատկապես թանկ է հայ ընթերցողի և ողջ հայ ժողովրդի համար: Հայաստանում  մշտապես հիացել են ոչ միայն Անդրեյ Բիտովի վառ տաղանդով, նրա ստեղծագործությունների խորությամբ և թարմությամբ,  այլև  նրա համարձակ դիրքորոշմամբ, ազատության հանդեպ սիրով և մտավորականի անթերի կերպարով:

Ցավակցություններս եմ հայտնում Անդրեյ Բիտովի ընտանիքին, ընկերներին և նրա արվեստի հազարավոր երկրպագուներին: Ի դեմս Անդրեյ Բիտովի՝ հայ ժողովուրդը հրաժեշտ է տալիս իր անկեղծ բարեկամին: Թող հարգելի Անդրեյ Գեորգիի հոգին հանգչի խաղաղությամբ: Նրա «Հայաստանի դասերը» դարձել են դասեր նաև մեզ համար»: