NEWS.am–ի տեղեկություններով՝ Գյումրի քաղաքում 57 ամյա կնոջ մահվան դեպքի կապակցությամբ քննվող քրեական գործի շրջանակներում առգրավվել են դեպքի վայրի հարակից տարածքներում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի առանձնատունը հսկող տեսախցիկները։ Նշենք, որ պատգամավորի առանձնատնից տեսանելի է դեպքի վայրը եւ չի բացառվում, որ նրա տան տարածքը հսկող տեսախցիկները ֆիքսած լինեն կատարվածը։

Նշենք, որ դեկտեմբերի 2–ին Գյումրի Մայակովսկի փողոցի տներից մեկի դիմաց անհայտ անձը հարձակվել է փողոցը մաքրող հավաքարարի վրա եւ նրան դաժան ծեծի ենթարկել։

Կնոջը շտապօգնության մեքենայով տեղափոխել են Գյումրիի բժշկական կենտրոն, որտեղ եւ նա մահացել է։

Դեպքից 4 օր անց քրեական գործով, որպես կասկածյալ ներգարվված անձ չկա։

ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am–ին տեղեկացրեցին, որ համալիր միջոցառումներ են իրականացվում կասկածյալի ինքնությունը պարզելու համար։ Համապատասխան հանձնարարականի հիման վրա առգրավվել են դեպքի վայրի հարակից տարածքներում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, ենթարկել զննության։

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):