Այն, ինչ կա այդ գաղտնալսման մեջ, դուք ինձնից լսել եք սեպտեմբերի 12-ին ԱԺ ամբիոնից: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սկանդալային երկրորդ ձայնագրությանը, որը հրապարակվել է համացանցում:

Այսդ առնչությամբ, Նիկոլ Փաշինյանն ասել է հետեւյալը.

«Հրապարակվել է գաղտնալսման երկրորդ սերիան: Իսկ ինչո՞ւ է դա արվում: Պարզ պատճառով, որովհետեւ կոռումպացված համակարգը տեսնում է, որ իր շուրջ օղակը սեղմվում է, որ այն, ինչ խոստացել էինք, քայլ առ քայլ իրականություն է դառնալու ԱԺ ընտրություններից անմիջապես հետո եւ որեւէ մեկը չի պլստալու:

Բոլոր կոռումպացվածներին հատ-հատ կանչելու ենք պատասխանատվության ժողովրդի անունից եւ ժողովրդի մանդատով: Որովհետեւ Ըստ էության, այս գաղտնալսումները հրապարակվում են փրկության օղակ գտնելու համար, կոռումպացված համակարգի համար: Սա ըստ էության հայտարարված պատերազմ է Հայաստանի պետականության, ՀՀ նկատմամբ: Իհարկե, այս պատերազմը հրահրածներին սպասվում է ջախջախիչ պարտություն:

Նախորդ անգամ, երբ Երեւանի ավագանու ընտրություններն էին, երբ ես կոչ արեցի մասնակցելու Դավիթաշենում սպասվող հանրահավաքին, այսօր կոչս ուրիշ է, այս հակապետական գործունեությանը արձագանքելու համար անհրաժեշտ է, անկախ եղանակային պայմաններից, դեկտեմբերի 9-ին անպայման գնալ ընտրական տեղամասեր ու քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին:

Սա վարչապետի ընտրություններ են առաջին հերթին: Անձամբ ես հույս ունեմ ՀՀ քաղաքացիներին ստանալ շատ ուժեղ մանդատ՝ պայքարելու կոռուպցիայի դեմ, վերադարձնելու ժողովրդից գողացվածը կոպեկ-կոպեկ եւ ջախջախիչ հակահարված հասցնելու ՀՀ-ի դեմ, ժողովրդի դեմ  սանձածերծած այս պատերազմին: Ես համոզված եմ, որ ամեն ինչ այդպես էլ կլինի, որովհետեւ այս քարոզարշավի ընթացքում մենք շփվել ենք քաղաքացիների հետ, ես տեսել եմ ժողովրդի դուխն ու կամքը:

Ես չգիտեմ, արժի՞ անդրադառնալ այս գաղտալսման բովանդակությանը, քանի որ սրան անդրադարձել եմ սեպտեմբերի 12-ին ԱԺ-ի ամբիոնից իմ ելույթում, որը տեղադրել եմ իմ էջում:

Այս խոսակցությունների մասին իմ ելույթում կրկնակի ավելի շատ տեղեկատվություն կա, քան այս գաղտնալսման մեջ: Այս գաղտնալսումը մոնտաժված է, այնտեղ կան դրվագներ, որոնց մասին ես իմ ելույթում պատմում եմ: Դա ուղղակի կտրտված ու հանված են: Մասնավորապես հանված են այն դրվագները, երբ ԱԱԾ տնօրենն ասում է՝ դատավորը վախեցած է, ես էլ ասում եմ՝ ինչ է նշանակում դատավորը վախեցած է: Դուք ԱԱԾ եք եւ պարտավոր եք ապահովել դատավորների անվտանգությունը եւ անկախությունը: Եթե չեք կարողանում պաշտպանել, ուրեմն սխալ եք աշխատում:

Ուզում եմ եւս մեկ անգամ հայտարարել, որ եւ ԱԱԾ պետի, եւ ՀՔԾ գործողությունները, դրանց բովանդակությամբ բացահայտվող գործողությունները միանշանակ տեղավորվում են նրանց պաշտոնեական գործառույթների շրջանակներում: Այլ բան, որ երբ հեռախոսով խոսում են՝ այդ մարդիկ չեն ասում, ենթադրենք, Քրեական դատավարության օրենսգրքի ենթադրենք 64 հհոդվածի 4-րդ կետի համաձայն մենք կմիջնորդենք, որ այս մբանը այսպես տեղի ունենա:

Այն, ինչ կա այդ գաղտնալսման մեջ, դուք ինձնից լսել եք սեպտեմբերի 12-ին ԱԺ ամբիոնից:

Որեւէ կասկած չկա, որ սա հակահեղափոխության հերթական դրսեւորում է  եւ կասկած չկա, որ հակահեղափոխությանը, կոռումպացված համակարգին սպասվում է ջախջախիչ պարտություն, իսկ կոռուպիոներներին սպասվում են քրեական գործեր, այո, կալանավորումներ, դատավճիռներ: Նրանք իրենց թալանածը պետք է վերադարձնեն ժողովրդին: Ես կոչ եմ անում առաջիկա ընտրություններին քվեարկել նաեւ հանուն դրա, քվեարկել իմ օգտին որպես վարչապետի թեկնածու եւ դրանով պատվիրակել, որ բոլոր կոռումպացվածներին բերենք դատարան եւ նրանց թալանած փողերը կբերենք բյուջե՝ ծառայեցնելով Հայաստանի բարեկեցությանը, նրա ժողովրդին, Արցախի Հանրապետությանը եւ ընդհանրապես ազգային երազանքների իրականացմանը»: