Կառավարությունն այսօրվա՝ դեկտեմբերի 6-ի իր նիստում մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «Գինափ» ՍՊԸ-ին տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի, նյութերի ներմուծման համար:

Հարցը ներկայացրեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը:

Նշենք, որ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են արհեստական և պլաստիկ թաղանթների ֆլեքսո տպագրության, ինչպես նաև վակուում տոպրակների, պանրի տոպրակների, սուրճի և այլ բազմատեսակ տոպրակների արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակներում իրականացված ներդրումները կազմում են 2,5 մլրդ դրամ, և մինչև 2021 թվականը նախատեսվում է հավելյալ 1 մլրդ դրամ ներդրում նոր սարքավորումներ և 8,9 մլրդ դրամ ներդրում հումք գնելու նպատակով։

Ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծվել է 56 աշխատատեղ և նախատեսվում է ստեղծել ևս 50 նոր աշխատատեղ՝ 180 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմում է 3 մլրդ դրամ, որից 2,5 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 300 մլն դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 200 մլն դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը բավարարեց «ԱՐՄԵՆԻԱՆ ՀԵԼԻՔՈՓԹԵՐՍ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ)  նյութերի  նկատմամբ:

«ԱՐՄԵՆԻԱՆ ՀԵԼԻՔՈՓԹԵՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքն օգտագործվելու է փոքր ավիացիայի ոլորտում։ Ներմուծվող սարքավորումը չի ներմուծվում ԵՏՄ անդամ-երկրներից, քանի որ դրա տեխնիկական չափանիշները չեն բավարարում ընկերության պահանջներին։

Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման համար:

Որոշման նպատակն է թույլատրել «ԱՐՄԵՆԻԱՆ ՀԵԼԻՔՈՓԹԵՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: