Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  չարաշահման շատ կոնկրետ օրինակը, որ կարող եմ մատնանշել, վերաբերում է պահակախմբին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։

«Տենդեռով շահել են, որ 24 հոգի պետք է աշխատի, բայց փաստացի աշխատում են 15 հոգի, տարբերությունը ամսական շուրջ 1 մլն դրամի մասին է, որը վճարվում է այն գործի համար, որը իրականում չի կատարվում, այստեղ մենք ռիսկ տեսնում ենք»,–նշեց նա։

Բաբայանի խոսքով՝ որոշակի ռիսկեր են տեսել նաեւ սահադաշտի հետ կապված. «Կարծում ենք, որ այն մուտքերը, որոնք ցույց են տվել, իրականությանը չեն համապատասխանում։ Այսինքն՝ վստահաբար ավելի շատ մարդ է օգտվել սահադաշտից, քան ֆինանսապես ցույց է տրված»։

Համալիրի տնօրեն Վազգեն Ասատրյանը ծանուցված է եղել մայիս ամսին, որ իր պայմանագիրը ավարտվում է եւ նոր պայմանագիր չի վերակնքվելու. «Ըստ էության, որոշումը արդեն պատրաստ էր, հրամանը իմ սեղանին էր, որ հուլիսի 1-ին պետք է ավարտվեր, ուղղակի հաշվի առնելով առաջիկայում Ֆրանկոֆոնիայի միջոցառումները, երկարացրել ենք 5 ամսով եւ նորից մեկ ամիս առաջ նա ծանուցված է եղել, որ պայմանագիրը չի երակարձգվելու եւ անցկացվելու է մրցույթ, որը նախատեսվում է անկացնել հունվարի վերջին»,–հայտնեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը։

Ավելի վաղ Նարեկ Բաբայանը նշել է, որ Մարզահամերգային համալիրի տնօրենի հետ պայմանագիրը չի երկարաձգվել՝ չարաշահումների կասկածանքով։