Այն, ինչ պլանավորվում է այժմ, եթե իրականություն դառնա 2019 թվականին, արդեն մեր երկրի տնտեսական կերպարն ուրիշ կլինի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, կատարել մոմավառություն, այնուհետեւ հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարն իր խոսքում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին եւ զարգացումներին, խոսել արտագաղթի հաղթահարման, տնտեսության, արդարադատության եւ այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումների մասին:

«Ուրախ եմ արձանագրել, որ տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստան եկողների թիվն ավելի մեծ է, քան մեկնողների: Կարծում եմ` սա է հեղափոխության կարեւորագույն ձեռքբերումներից մեկը: Առաջիկա 20 տարվա ընթացքում խնդիր ունենք կրկնապատկել մեր բնակչության թիվը` առաջին հերթին տնտեսական զարգացմամբ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ կառավարության խնդիրը քաղաքական հեղափոխությունը տնտեսական հեղափոխության վերափոխելն է, եւ այսօր Հայաստանում տեղի ունեցող գործընթացները վկայում են, որ դա հնարավոր կլինի անել: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այդ գործում կառավարությունը հույսեր է կապում նաեւ սփյուռքի ներդրումային ծրագրերի հետ:

«Այն, ինչ պլանավորվում է այժմ, եթե իրականություն դառնա 2019 թվականին, արդեն մեր երկրի տնտեսական կերպարն ուրիշ կլինի: Այդպիսով հստակ քայլեր կանենք արդյունաբերական երկիր դառնալու ճանապարհին: Հույս ունեմ, որ այսօրվա Հայաստանով դուք եւս քաջալերված եք»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Ի պատասխան տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ նշել են, որ մեծապես ոգեւորված են հայրենիքում տեղի ունեցող գործընթացներով եւ պատրաստվում են վերադառնալ Հայաստան, այդ թվում` ներդրումային տարբեր նախագծեր կյանքի կոչելու նպատակով:

Այդ համատեքստում նրանք ներկայացրել են Հայաստանից ԵՏՄ երկրներ արտահանումների հետ կապված առկա խնդիրները:

Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ ԵՏՄ շրջանակում լոգիստիկ խնդիրների լուծումը գտնվում է օրակարգում: «Դա ԵՏՄ-ում քննարկվող ամենակարեւոր հարցերից է: Պատրաստվում ենք պիլոտային ծրագիր իրականացնել, որով կդյուրացվի բեռների տեղափոխման գործընթացը, ապրանքները հավելյալ ստուգումների չեն ենթարկվի` թվային համակարգի ներդրման միջոցով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով նաեւ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ճանապարհային խնդիրների լուծման հնարավորություններին ու հավելել, որ Հայաստանը շահագրգիռ է այդ գործընթացով:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ հատկապես հայ ներդրողներն այսօր առանձնակի ակտիվություն եւ հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանում ներդրումներ իրականացնելու ուղղությամբ: «Մենք դրանում շահագրգռված ենք, մեր կառավարությունը ոչ մի բիզնես շահ չունի, ինչը հնարավորություն է տալիս եւ բացառիկ շանս է ստեղծում, որպեսզի իսկապես ներդրումների համար ստեղծենք հավասար պայմաններ: Բացառիկ է, երբ քաղաքական իշխանությունն ընդհանրապես չունի բիզնես շահ: Եթե ինչ-որ պահի մեր կառավարությունում ի հայտ գա նման բան` խոստանում եմ այն վերացնել անմիջապես»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը: