Պետերգուրբում ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովների ընթացքում համարյա թե նաև ՀԱՊԿ նիստ են արել՝ որոշելով գլխավոր քարտուղար նշանակել Բելառուսի ներկայացուցչին, այս մասին լրագրողներին ասել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն։

Շուտով պարզվեց՝ Լուկաշենկոն շտապել է․ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի խոսնակը ֆեյսբուքում կարճ գրառում արեց՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ:

Նիկոլ Փաշինյանը նախքան այս նիստերը հայ համայնքի հետ հանդիպմանը ներկայացրեց Երևանի ակնկալիքը բոլորովին այլ շեշտադրումով։ Գլխավոր քարտուղարի պաշտոնը, ասաց, մեծ հաշվով ընդամենը առիթ է, որպեսզի խոսվի փոխադարձ պարտավորությունների մասին։ Փաշինյանը համոզված է, որ ՀԱՊԿ-ը կարող է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի խնդիրը զինված մեթոդով լուծելու Ադրբեջանի գայթակղությունը, բայց համոզված չէ, որ այդ գործիքը կկիրառի:

Երեկ ընտրապայքարի 11 ուժերի 11 առաջնորդները հավաքվեցին բանավեճի, որ տևեց 3 ու կես ժամ, ու չնայած հարցի ու արձագանքի հաշված ու հավասար րոպեներին այն հիմնականում դարձավ սև ու սպիտակի դեբատ։

Բանավեճն իհարկե նաև այլ կողմեր ունեցավ․ հնչեցին ֆրազներ, որոնք հավակնում են դառնալ թևավոր։

Այս դեբատների ազդեցության տակ անցավ օրվա քարոզարշավը։ Ո՞վ է Գևորգը, որի միջնորդությամբ, ըստ Ծառուկյանի, ինքը աջակցել էր Մարուքյանին, երբ նա Վանաձորում ընտրարշավի մեջ էր։

Այնուամենայնիվ, «Սասնա Ծռերի» ցուցակից Պետրոս Մակեյանը բացահայտված համարեց, որ Մարուքյանը մի տիրոջ է ծառայել, և այդ տերը ժողովուրդը չէր։

Օրվա հաճախ հիշված թեմաներից էր նաև գաղտնալսումների երկրորդ սերիան։ Ըստ Աշոտյանի՝ ձայնագրությունից ակնհայտ է դառնում, որ դատավորները կատարում են վարչապետի որոշումները՝ ընդ որում ոչ իրավական։

Սիսիանում ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայող Հայկ Քարամյանին գտել են մահացած։ Հիշեցնենք՝ դեկտեմբերի 4–ին Սիսիանում 4 զինծառայող մնացել էր ձնահյուսի տակ, նրանցից մեկին գտնել չէր հաջողվում:

Դոլարը աննշան թանկացել է՝  485 դրամ է, եվրոն 550 դրամ է, բրիտանական ֆունտը՝  618, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 24 դրամ:

Հայաստանում դեկտեմբերի 7-ին սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երեւանում հնարավոր է թույլ անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +6+8 աստիճան: