Նոր Նորքում պաստառներ փակցնելիս են եղել իմ թիմակիցները, տեսել են, թե ինչպես են իմ պաստառները փչացնում, մոտեցել են նրանց եւ ենթարկվել հարձակման։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքից պատգամավորության թեկնածու Մեսրոպ Պապիկյանը` նշելով, որ իր թիմակցին քաշքշել եւ բռնության է ենթարկել «Մենք» դաշինքի ներկայացուցիչը։

Պապիկյանը նշեց, որ իրենք այս պահին գտնվում են ոստիկանությունում եւ բացատրություն են ներկայացնում։

Պապիկյանի խոսքով` քարոզարշավի ընթացքում սա առաջին  նման դրսեւորումն է, ինչին հետեւողական են լինելու։

Մինչդեռ «Մենք» դաշինքից Անի Խաչատրյանը մեզ փոխանցեց` իրենց դաշինքից Արտավազդ Սարգսյանը քարոզչություն իրականացնելիս է եղել, նրան են մոտեցել Մեսրոպ Պապիկյանի թիմակիցները եւ «մարկեր» խնդրել, պատասխանել է, որ չունի, դրանից հետո էլ սկսվել է քաշքշուկ. «Արտավազդ Սարգսյանն ասել է` չունեմ մարկեր, նրանք ասել են` ունես, աղչի, մեր պաստառներին նկարում ես։ Տղամարդուն ասել են՝ աղչի, դրանից հետո սկսվել է քաշքշուկ»։

Խաչատրյանի խոսքով` դեպքից հետո Պապիկյանը զանգահարել  է իրեն, իրավիճակը պարզաբանել են, սակայն մի քանի ժամ անց խմբով ներխուժել են «Մենքի» շտաբ. «10-15 հոգով ներխուժել են մեր շտաբ, իսկ նոր Հայաստանի ոստիկանները իշխանության ներկայացուցչին ոչինչ չէին ասում։ Այնտեղ քարոզչական նյութեր կային, որոնք իրենք գուցե չպիտի տեսնեին։ Դրանից հետո ոստիկանություն հաղորդում ենք ներկայացրել ներխուժման դեպքով»։

Ավելի ուշ, NEWS.am-ը ստացել է «Մենք» դաշինքի հայտարարությունը, որում ասվում է. «Իմ Քայլ»  թեկնածուն քիչ առաջ  (ոչ աշխատանքային ժամի) Իմ Քայլը դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը ոստիկանների և մի խումբ անհայտ անձանց հետ ներխուժել է ՄԵՆՔ դաշինքի կենտրոնական գրասենյակ և փորձել հաշիվներ մաքրել: Վերջիններս անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել գրասենյակում գտնվող անձանց հանդեպ, առանց որևէ թույլտվության նկարահանել են գրասենակում եղած աշխատանքային քարտեզները, որոնց վրա պատկերված է ՄԵՆՔ դաշինքի երթուղիները, քարոզչական նյութերը, նկարահանել ակտիվիստներին…

Այս առիթով ՄԵՆՔ դաշինքը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն»: