2018 թ. իրականացված Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության գնահատման (FSAP) ներքո Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը ՀՀ ֆինանսական համակարգը գնահատել է կայուն:

Հայաստանի ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 2012 թ.-ից ի վեր ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, ինչին նպաստել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռնարկած մի շարք միջոցառումներ։ Միաժամանակ, բարելավում է դիտարկվել Բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին ՀՀ բանկային համակարգի կարգավորման եւ վերահսկողական գործընթացների համապատասխանության մասով:

Ըստ ԱՄՀ գործադիր խորհրդի գնահատման՝ Հայաստանի բանկային համակարգը ունակ է եղել դիմակայել 2014 թ.-ի տնտեսական անկման հետեւանքներին՝ բաժնետերերի կողմից ներդրված լրացուցիչ կապիտալի, մի շարք միաձուլումների, վերահսկողության եւ կարգավորման գործընթացների բարելավման շնորհիվ։ ԱՄՀ-ի գործադիր խորհուրդն ընդգծել է, որ ներկայումս ֆինանսական համակարգի ցուցանիշները դրսեւորում են դրական զարգացման միտումներ. բոլոր բանկերը համապատասխանում են 12 տոկոս նվազագույն կապիտալի պահանջներին, բանկային համակարգում չաշխատող վարկերը նվազել են, բանկերի եկամտաբերության ցուցանիշները վերականգնվում են, սակայն դեռեւս չեն հասել նախաճգնաժամային ցուցանիշին։

Խորհուրդը ողջունել է ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացմանն մասով արձանագրված առաջընթացը՝ կարեւորելով դոլարիզացիայի մակարդակի նվազեցմանը եւ ռիսկերի վրա հիմնված վերահսկողության ներդրմանն ուղղված միջոցառումների շարունակականությունը: