Նիկարագուայի տաճարում ռուս կինը քահանայի մոտ խոստովանության ժամանակ նրա վրա աղաթթու է լցրել, հաղորդում է Prensa-ն:

 

Հրատարակության տվյաներով՝ Էլիս Լեոնիդովնա Գոնը, որը ռուսական անձնագիր ունի, չորեքշաբթի աղաթթու է լցրել Մանագուայի Մարիո Գեւարա քահանայի վրա: Թերթը հաղորդում է, որ Գոնը հայր Գեւարայի մոտ խոստովանության էր գնացել, որից հետո հարձակվել է նրա վրա եւ աղաթթու լցրել: Քահանան գլխի, դեմքի, ձեռքերի եւ մարմնի այլ մասերի այրվածքներ է ստացել:

Հարձակումից հետո մի քանի ծխականներ քահանային տարել են խորանի մոտ եւ հանել նրա հագուստը, իսկ հետո հիվանդանոց տեղափոխել: Մյուսները փորձել են մինչ ոստիկանության ժամանումը պահել կնոջը: Վանականներից մեկը հայտնել է, որ կնոջ մեջ «դեւեր են մտել»:

Հրատարակությունը նշում է, որ դեպքը տեղի է ունեցել Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգայի կողմից կաթոլիկ եկեղեցու քահանաների հասցեին արված քննադատության ֆոնին: Նրա խոսքով, քահանաները նպաստել են իշխանությունների դեմ բողոքի ակցիաներին, որոնք սկսվել էին ապրիլին: