1988 թվականի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոն համարվող Լոռու մարզի Նալբանդ՝ այժմ  Շիրակամուտ գյուղի բնակիչներն այսօրվա պես հիշում են ավերիչ երկրաշարժի ահասարսուռ պատկերները։ Նալբանդ գյուղի բնակիչներից Շահգյուզա Կուրղինյանը NEWS.am-ի հետ զրույցում վերհիշեց այդ օրվա մանրամասները (ֆոտոռեպորտաժ

«1988 թվականի դեկտեմբերի 7-ին, տեկերկինս եկել էր մեր տունը, ըսի Սիրվարդ ջան, մի էրթա, մեղր ունենք քանդենք, ասեց բդի էրթամ, որ տղես Լեհաստանից պտի զանգե՝ Արմենս։ Գնաց ու մնաց երկրաշարժի տակ, ինքն ու Կլարա կար, վառվան, եղան մոխիր։ Ձենով օգնություն կկանչեինք, բայց էդ վախտ շունը տերը չէր ճանչեր։ Էման տուն կար՝ Սիմոնենց Հրաչի տունը, որ յոթ հոգի մեռան, սաղ ջահել, էման տուն կար, որ 10 հոգի մեռան, ավիրվավ գյուղը»,– հիշեց Շահգյուզա Կուրղինյանը։

Շահգյուզա տատիկը պատմեց,  որ իրենց  ազգակիցներից  շատերն են զահվել ավերիչ երկրաշարժիչ։

Իրենք էլ ընտանիքով 25 տարի տնակում են ապրել՝ միայն վերջին 5 տարին են տեղափոխվել պետության կողմից տրամադրած  բնակարանը։

Նշենք, որ Լոռու մարզի Նալբանդ գյուղում դեռ կան ընտանիքներ, ովքեր դեռ տնակներում են ապրում։

Հիշեցնենք, որ 30 տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 7-ին, Հայաստանի հյուսիսային շրջանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։

Ավելի քան 25 հազար մարդու կյանք ընդհատվեց, տասնյակ հազարավորները վիրավորվեցին, հարյուր հազարավոր մարդիկ էլ անօթեւան մնացին։ Անմիջապես էպիկենտրոնում գտնվող Նալբանդ գյուղն ու մերձակայքում գտնվող Սպիտակ քաղաքը հողին հավասարվեցին։ Մեծապես տուժեցին հանրապետության մեծությամբ երկրորդ եւ երրորդ քաղաքները՝ Լենինականն (Գյումրի) եւ Կիրովականը (Վանաձոր)։

30 տարի անց անօթեւան դարձած մարդկանց մեծ մասը ապահովվել է բնակարաններով։ Սակայն Շիրակի ու Լոռու մարզերում դեռ կան ընտանքիներ, որոնք շարունակում են գոյատեւել տնակներում ու ժամանակավոր կացարաններում։