Հայերը հիշում են, թե ինչ են կորցրել, եւ հայերն աշխարհի մասին են երազում, որը հարգանքի տուրք կմատուցի նրանց հիշատակին, ում իրենք կորցրել են: Այս մասին Գյումրիում 1988 թվականի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին իր ելույթում ասաց Կանզասի նահանգապետ Ջեֆ Քոյլերը:

Քոյլերը նշեց, որ այսօր ինքը Գյումրիում է որպես Կանզասի բնակիչների ներկայացուցիչ, որոնք ճակատագրի կամքով հարաբերություններով կապված են Հայաստանի զարմանահրաշ մարդկանց հետ: Նա նշեց, որ 30 տարի առաջ չէր պատկերացնի, որ երբեւէ Գյումրի կվերադառնա որպես նահանգապետ եւ այս առանձնահատուկ օրը կկիսի հայերի ապրումները:

«Դեկտեմբերի 7-ն ինձ ընդմիշտ փոխեց: Ես աշխատանքի գնացի Պետքարտուղարություն, եւ այնտեղ լսեցինք աղետի մասին նորությունները: Այդ առավոտ մենք տեսանք Գյումրիի լուսանկարները՝ ավերված շենքեր եւ հազարավոր զոհեր: Ես դա երբեք չեմ մոռանա»,- ասաց նա:

Ջեֆ Քոյլերը հիշեցրեց, որ իրենք զանգահարել են ընտրված նախագահ Բուշին, ներկայացրել, թե ինչ է տեղի ունեցել: «Բուշը հայտարարեց, որ մենք պետք է օգնենք: Չնայած Խորհրդային Միությունը երբեք չէր ընդունում միջազգային օգնությունը, նա այդ ժամանակ կարեւոր համարեց Հայաստանին օգնելը»,- շեշտեց Քոյլերը:

Հայաստան ուղեւորվեցին 70 ամերիկացիներ, եւ այն, ինչ նրանք տեսան քաղաքում, դժվար էր պատկերացնել: «Դա այն պատկերն է, որը չեմ կարող նկարագրել, բայց մենք ինչ-որ յուրահատուկ բան տեսանք. մենք դարձանք հայերի ֆանտաստիկ ոգու վկաները, սիրո, բարության եւ հերոսականության ոգու: Մենք հայերի հանդիպեցինք, որոնք ձգտում էին հաղթահարել վիթխարի աղետը»,- նշեց նահանգապետը:

«Այսօր, երբ ես հանդիպում եմ ամբողջ աշխարհի հայերի հետ, ես նրանց ընդունում եմ որպես շատ յուրահատուկ մարդկանց՝ մշակույթով, գիտությամբ եւ արժանապատվությամբ: 1988 թվականի մեծ դասն այն է, որ երբ Հայաստան ժամանեցինք, մեզնից շատերը կարծում էին, որ Հայաստանի լավագույն օրերը հետեւում են մնացել: Այսօր մենք գիտենք՝ Հայաստանի լավագույն օրերն առջեւում են, եւ ահա թե ինչու: Շատ մարդկանց հիշողությունը մարում է, բայց հայերը հիշում են, եւ այս պատճառով եք դուք յուրահատուկ: Հայաստանն առանձնահատուկ կերպով է առնչվել ինձ, իմ ընտանիքին, իմ պետությանը եւ իմ երկրին: Անկախ հանգամանքներից՝ Կանզասը եւ Ամերիկան կմնան ձեր բարեկամները»,- եզրափակեց նա: