1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո արդեն 30 տարի Նալբանդ՝ այժմ Շիրակամուտ գյուղի բնակչուհի Քնարիկ Երանոսյանի 15 հոգանոց ընտանիքը տնակում է բնակվում։ NEWS.am-ի հետ զրույցում տարեց բնակչուհին պատմեց, որ Նալբանդի գյուղապետը իրենց խոստացել է բնակարան տրամադրել, սակայն մինչեւ օրս, իրենք տնակում, կարելի է ասել նախնադարյան պայմաններում են ապրում։ Մի սենյակում 5 հոգով են քնում։

«Ընտանիքի 11 անդամով ենք ապրել այս տնակում, հետո տղաս ամուսնացավ, 3 երեխա ունեցավ 15 հոգով էինք ապրում։ Ես ձայներ լսեցի, վախից կծկվեցի, ասեցի՝ երեւի Ադրբեջանն է հարձակվել։ Ամուսինս էլ ինֆարկտով հիվանդ էր, կողքիս պառկած էր»,– հիշում է Քնարիկ մայրիկը։

Բարեբախտաբար, Երանոսյանների բազմանդամ  ընտանիքից ոչ ոք չի տուժել ավերիչ երկրաշարժից։

Նշենք, որ Լոռու մարզի Նալբանդ գյուղում դեռ կան ընտանիքներ, ովքեր երկրաշարժից հետո դեռ տնակներում են ապրում։

Հիշեցնենք, որ 30 տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 7-ին, Հայաստանի հյուսիսային շրջանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։

Ավելի քան 25 հազար մարդու կյանք ընդհատվեց, տասնյակ հազարավորները վիրավորվեցին, հարյուր հազարավոր մարդիկ էլ անօթեւան մնացին։ Անմիջապես էպիկենտրոնում գտնվող Նալբանդ գյուղն ու մերձակայքում գտնվող Սպիտակ քաղաքը հողին հավասարվեցին։ Մեծապես տուժեցին հանրապետության մեծությամբ երկրորդ եւ երրորդ քաղաքները՝ Լենինականն (Գյումրի) եւ Կիրովականը (Վանաձոր)։

30 տարի անց անօթեւան դարձած մարդկանց մեծ մասը ապահովվել է բնակարաններով։ Սակայն Շիրակի ու Լոռու մարզերում դեռ կան ընտանքիներ, որոնք շարունակում են գոյատեւել տնակներում ու ժամանակավոր կացարաններում։