Սպիտակի երկրաշարժը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենամեծ ողբերգությունն էր, որի հետեւանքով ավերվեց մեր երկրի զգալի մասը՝ պատճառելով տասնյակ հազարավոր զոհեր: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է արտակարգ իրավիճակների նախկին փոխնախարար Դավիթ Կարապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Երկրաշարժը, լինելով բնական երեւույթ, հնարավոր չէ կանխել, սակայն միանգամայն հնարավոր է նվազեցնել սեյսմիկ խոցելիությունը եւ սեյսմիկ ռիսկը: Դա հնարավոր է սեյսմակայուն շինարարությամբ եւ սեյսմիկ վարքականոնների իմացությամբ:

Ճապոնիայում տարեկան տեղի է ունենում տարբեր ուժգնության մոտ 3000 երկրաշարժ, սակայն դրանք մեծ ավերածություններ ու մարդկային զոհեր չեն պատճառում: Օրինակ, եթե Սպիտակի 6.8 մագնիտուդ ուժգնության երկրաշարժի հետեւանքով զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, վիրավորվել՝ 130 հազարը, ապա Ճապոնիայում 2007թ. մարտի 25-ին տեղի ունեցած 6.9 մագնիտուդ ուժգնության երկրաշարժի հետեւանքով զոհվել է 1 մարդ, իսկ նույն թվականի հուլիսի 11-ի 6.6 մագնիտուդ ուժգնության երկրաշարժի հետեւանքով՝ 11 մարդ: Կան նմանատիպ բազմաթիվ համեմատություններ. թվերը խոսուն են:

Իսկ Հայաստանում Սպիտակի երկրաշարժից 30 տարի հետո Երեւանի քաղաքապետի ընտրություններ ենք անցկացնում, քարոզարշավի ժամանակ խոսում ամեն տեսակ դատարկաբանությունից, սակայն ոչ մի խոսք ու ծրագիր Երեւանի սեյսմիկ ռիսկի նվազեցման մասին: Ու դա այն դեպքում, երբ Երեւանի բնակֆոնդը ունի սեյսմիկ բարձր խոցելիություն»: