«Սասնա Ծռեր» կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու Լիանա Ստեփանյանն արձագանքել է կուսակցության հայտարարությանը, որտեղ նշվում է, որ իր հետ անհամատեղելի մոտեցումներ են առաջացել:

Թեկնածուն հայտարարություն է տարածել, որտեղ նշում է.

«Հայտնում եմ, որ ինքս եմ ցանկանում  ստանալ հրապարակային բացատրություն, մեկնաբանություն «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունից` արված հայտարարության վերաբերյալ: Նշեմ, որ անձամբ ինձ հետ քարտուղարությունը չի ունեցել զրույց այն մասին, որ մեր միջեւ կա մոտեցումների անհամատեղելիություն: Կարծում եմ՝ այս հայտարարության հիմքում ընկած է տարրական թյուրըմբռնում:

Լիահույս եմ, որ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը կտա սպառիչ բացատրություն, որով կհաստատի այն, որ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը, որի հիմնադիր անդամն եմ հանդիսանում ես՝ Լիանա Սամվելի Ստեփանյանս, հիրավի հանդիսանում է արդարության, ժողովրդավարության, ազնվության, բազմակարծության, լայնախոհության, իրավունքի գերակայության, օրինապահության, հանդուրժողականության սկզբունքների կրողն ու իրացնողը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Սասնա Ծռեր» կուսակցությունը հայտարարել էր, որ պատգամավորության թեկնածու Լիանա Ստեփանյանի հետ առաջացել են անհամատեղելի մոտեցումներ. «Նման պարագայում Կուսակցության քարտուղարությունը իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է նրա կողմից ինքնաբացարկ հայտնելու ձեւով»:

«Սասնա Ծռեր»-ի թեկնածու Լիանա Ստեփանյանի հետ առաջացել են անհամատեղելի մոտեցումներ. Ինքնաբացարկի կոչ են անում