ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեռեւս չեն որոշել կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությունը, որ այդ պաշտոնը կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ոչ, հարցը  լուծված չէ», -ասել է նա եւ հավելել, որ այդ թեման քննարկվել է կազմակերպության անդամ երկրների կողմից Սանկտ Պետերբուրգում, որտեղ ԵՏՄ-ի եւ ԱՊՀ-ի գագաթաժողովներն էին անցկացվում:

Պեսկովի խոսքով Լուկաշենկոն ԵՏՄ  գագաթաժողովի ժամանակ անդրադարձել է այդ հարցին, թեեւ այն օրակարգում չկար:

«Դա լիովին նորմալ գործելակերպ է. ցանկացած պետության ղեկավար կարող է հնչեցնել հարցեր, որոնք նա կարեւոր է համարում», - ասել է Պեսկովը: Սակայն, նրա խոսքով այդ պահին բանակցությունների սեղանի շուրջ ՀԱՊԿ ոչ բոլոր անդամներ են ներկա եղել: Նրանք այդ թեման հետագայում շարունակել են ԱՊՀ գագաթաժողովում:

«Աշխատանքները շարունակվելու են»,- ընդգծել է մամուլի խոսնակը:

Այդ օրը անցկացված ԵՌՄ գագաթաժողովից հետո լրագրողների հետ զրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ առաջնորդները որոշել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակել  Բելառուսի ներկայացուցչին: