Մայրաքաղաքի բնակիչներին հուզող խնդիրներին ծանոթանալու եւ բարձրացված հարցերին արագ արձագանքելու նպատակով Երեւանի քաղաքապետարանում բնակիչներին ընդունել են փոխքաղաքապետեր Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը եւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ եկամուտների հաշվառման եւ գանձման, գնումների ու ֆինանսական ոլորտները համակարգող Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն առանձնացրել է այն հիմնական ուղղությունները, որոնցով հնարավոր է լուծումներ տալ բարձրացվող խնդիրներին: Որոշ հարցեր տեղում ստացել են պարզաբանումներ ու պատասխաններ:

Կարեւորելով քաղաքացիների հետ մշտական կապի ապահովումը՝ առողջապահության, առեւտրի եւ սպասարկումների, արտաքին ձեւավորման ու գովազդի ոլորտները համակարգող փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանն ըստ ոլորտների ներկայացրել է քաղաքապետարանի մոտեցումներն ու վստահեցրել, որ բնակչի որեւէ հարց անպատասխան չի մնալու:

Երեւանի գլխավոր ճարտարապետի մոտ քաղաքացիներն ընդունելության էին եկել քաղաքաշինական ու շինթույլտվությունների տրամադրման խնդիրներով: Արթուր Մեսչյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ ապօրինի շինարարության ու հողազավթումների հանդեպ քաղաքապետարանի վերաբերմունքը հստակ է. այլեւս դրանք չեն օրինականացվելու: Միեւնույն ժամանակ Երեւանի գլխավոր ճարտարապետը նշել է, որ քաղաքապետարանը լինելու է բնակիչների գործընկերն ու սատարողը՝ օրինական ճանապարհով շինարարություն կատարելու գործում:

Քաղաքացիների ընդունելությունները կրելու են պարբերական բնույթ: