Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, ՄԹ պաշտպանության հարցերով փոխկցորդ Ուիլ Ջորջը եւ բրիտանական Միջազգային փրկարարական կորպուսի ներկայացուցիչները ծաղկեպսակ խոնարհեցին Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող 1988թ. երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողում։

Այդ կապակցությամբ դեսպան Ֆարնուորթը կատարել է հետեւյալ թվիթերյան գրառումը․ «30 տարի անց, հուզիչ միջոցառում Գյուրիում՝ հիշելու Սպիտակի երկրաշարժի զոհերին ու աննախադեպ միջազգային օգնությունը։ Ուրախ եմ, որ ՄԹ միջազգային փրկարարական կորպուսը ներկայացնում են Րաբ Բարրին, որը փրկարարական աշխատանքներ է կատարել Վանաձորում եւ Աննի ՄաքԴոնալդը, ում հանգուցյալ ամուսին Ուիլլի Մքմարտինը ղեկավարել է բրիտանական թիմը»։